Հնդկաստանի պատվիրած Ս-400 ՀՕՊ համակարգերն արդեն արտադրվում են

Ռուսաստանը սկսել է Հնդկաստանի պատվիրած Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 5,43 միլիարդ ԱՄՆ դոլար և ներառում է Ս-400 ԶՀՀ-ների 5 գունդ ( ըստ «Վեդոմոստիի»՝ 10 դիվզիոն):

Հայտարարությունը փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշենք, որ անցած ամիս ռուսական «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ Հնդկաստանը Ռուսաստանին դեռևս չի վճարել պատվիրած Ս-400 համակարգերի համար ավանսը։ Երբ կվճարի, այն ժամանակ էլ կսկսեն Ս–400–ների արտադրությունը։ Հնդկաստանը չէր մեկնաբանել այս հայտարարությունը։ Այսպիսով՝ ենթադրվում է, որ ավանսն արդեն վճարվել է։ 

2018-ի հոկտեմբերին Հնդկաստանը Ռուսաստանի հետ ստորագրել է
Ս-400–ների ձեռքբերման պայմանագիրը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վտանգին։ Իսկ Ռուսաստանը զիջումների է գնացել Հնդկաստանի համար համակարգերի վերջնական գնի հարցում։ 

Առաջին գունդը (2 դիվիզիոն) նախատեսվում է մատակարարել առաջին երկու տարվա ընթացքում, իսկ մնացած 4-ը՝ հինգ տարվա ընթացքում: (Նշենք, սակայն, որ սկզբնաղբյուրում ձևակերպումից հասկանալի չէ, թե 5 տարվա ժամկետը երբ է մեկնարկում, պայմանագրի կնքումից, թե առաջին գունդը ստանալուց հետո):

ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպեոն 2018 թ. սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կարող է պատժամիջոցներ չկիրառել Հնդկաստանի դեմ՝ Ս-400-ներ գնելու համար։ Նշենք, որ սրան զուգահեռ ԱՄՆ–ն պարբերաբար Հնդկաստանին առաջարկում է գնել ամերիկյան Ֆ-35 կործանիչներ, հնդիկները սակայն խուսափում են գործարքից, հիմնական պատճառը այս կործանիչների անհամատեղելիությունն է հնդկական սպառազինության հետ։

Լուսանկարը՝ dervishv.livejournal.com–ից, Վիտալին Ռագուլինի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *