Թուրքիայում քննարկվում է զինծառայության նոր համակարգ

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախագահ Էրդողանը փետրվարի 17-ին հյուսիսարևմտյան Բալըքեսիրի շրջանում հանրահավաքի ժամանակ մանրամասներ է հայտնել զինծառայության նոր համակարգի նախատեսվող պայմաններից։ 

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ Հարկ է նշել, որ նոր համակարգին անցնելու մասին հրամանագիրը դեռ չի ստորագրվել, սակայն այն քննարկվել է Թուրքիայի ՊՆ ու ԱԺ հանդիպումներում։

Ըստ դրա՝ 

  • Բուհ ավարտածների համար ներկայումս ըստ անհրաժեշտության նախատեսված թվաքանակով գործող 12–ամսյա «պահեստազորի սպայական» ծառայությունը կշարունակի լինել, իսկ արդեն մասնագիտական ուսումնարաններ կամ դպրոցներ ավարտածների համար կկիրառվի նոր՝ 12–ամսյա «պահեստազորի ենթասպայական» ծառայություն։ Պահեստազորի սպայական ու ենթասպայական ծառայությունների 12 ամսից երկուսը կլինի կրթական ու դրա համար կվճարվի X գումար, իսկ զինծառայության մնացած 10 ամիսների համար կսահմանվի աշխատավարձ։ 
  • Միջնակարգ կրթություն ունեցողների համար նախկինում սահմանված 6–ամսյա զինծառայությանը կավելանա հավելյալ 6 ամիս՝ ծառայողների ցանկությամբ։ Առաջին 6 ամիսը (1 ամիս կրթական ծրագիր ու 5 ամիս զինծառայություն) պարտադիր է, այն ավարտողները ցանկության դեպքում կարող են զորացրվել։ Եթե ցանկանան ծառայել նաև երկրորդ վեց ամիսը, ապա դրա համար կստանան աշխատավարձ։
  • Մշտական կդառնա «Վճար ծառայության դիմաց»* ծրագիրը՝ սահմանափակ թվով մարդկանց համար։ Առանց ծառայության կրթական մասը հաշվի առնելու, այս ծրագրին կարող է դիմել ով ցանկանում է։ Դիմորդներից ընտրված մասնակիցները 1 ամիս կստանան զինվորական հիմնական կրթություն ու կզորացրվեն։ Ծրագրի մասնակիցների վճարի չափը կորոշվի սահմանված կարգով։

*«Վճար ծառայության դիմաց» ծրագիրը նախատեսված է 18 տարեկանը լրացած Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում։ Ծրագիրը վերահաստատվել է 2018թ. հուլիսին։ Զինծառայությունից ազատվելու համար պետք է վճարել 
15 հզ լիրա (մոտ 3000 դոլլար) և անցնել զինծառայության հիմնական կրթություն, որը տևում է 21 օր։ 

Նշենք նաև, որ ներկայում գործող զինծառայության համակարգը փոփոխվել է 2013թ. հոկտեմբերի որոշմամբ, իսկ գործածության մեջ մտել 2014թ. հունվարի 1–ից։ Այն ժամանակ պարտադիր զինծառայության 15 ամիսը կրճատվել էր 12–ի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *