Թուրքիան Ռուսաստանից 1 միավոր Կա-32 բազմանպատակ ուղղաթիռ է ստացել

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության («Ռուսավիացիա») և Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրինության հետ կնքած պայմանագրի շրջանակներում Թուրքիային մատակարարվել է նախատեսված 3 միավոր Կա-32 բազմանպատակային ուղղաթիռներից առաջինը։

Այս մասին IDEX-2019 ռազմատեխնիկական ցուցահանդեսի ընթացքում «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական գործակալությանը հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

Նա նշել է, որ այս տարվա մարտի վերջին կսկսեն քննարկումներ համագործակցությունը ընդլայնելու շուրջ, քանի որ Թուրքիան դեռ հնարավորություն ունի գնելու ևս 5 միավոր Կա-32 ուղղաթիռ։

Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ
Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ

Բոգինսկին հավելել է, որ թուրքական կողմը հետաքրքրված է նաև ռուսական արտադրության «Անսատ» բազմանպատակային ուղղաթիռներով, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսին Ռուսաստանը Թուրքիայի ու Թաիլանդի հետ կնքել էր 8 միավոր Կա-32 ուղղաթիռների արտահանման պայմանագիր, որից Թուրքիայի համար նախատեսված էր 3 միավորը։ Ուղղաթիռները 2018թ. գարնանից Թուրքիա մատակարարելու համար երկու կողմերը պայմանագիր էին կնքել 2018թ. փետրվարի 7-ին, սակայն մատակարարումն ամենայն հավանականությամբ հետաձգվել է։

Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռները նախատեսված են որոնողափրկարարական, հիվանդների, վիրավորների տարհանման, հրդեհամարման աշխատանքների կատարման, ինչպես նաև պարեկության համար։

Համաձայն ռուսաստանյան կողմի տրամադրած տվյալների՝ ուղղաթիռը կարող է վայրէջք կատարել փոքր նավերի տախտակամածերին, հորատման պլատֆորմերին, դժվարահասանելի կետերում։ Կառավարում է մեկ օդաչու, բեռանատարողությունը՝ 5 տոննա։ 

Հավելենք, որ Բոգինսկու նշած «Անսատ» ուղղաթիռները ևս նախատեսված են որոնողափրկարարական, հրդեհամարման աշխատանքների, բեռնափոխադրման համար։ Ըստ գործակալության պաշտոնական կայքի՝ այն կարող է տեղափոխել մինչև 8 անձ։

Ռուսական արտադրության «Անսատ» բազմանպատակ ուղղաթիռը
Ռուսական արտադրության «Անսատ» բազմանպատակ ուղղաթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *