Ռուսաստանյան «Կալաշնիկով» կոնցերնը Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու–Դաբիում անցկացվող IDEX-2019 միջազգային ռազմական ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրել է «ԿՈւԲ» մահապարտ անօդաչու թռչող սարքը։
Նոր ԱԹՍ–ի ճշգրտության, արդյունավետության ու տեխնիկական բնութագրի մասին ցուցահանդեսի ժամանակ խոսել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Ըստ հեղինակների՝ ԱԹՍ–ն անցել է բոլոր փորձարկումներն ու պատրաստ է շահագործման։ Ըստ կոնցեռնի պաշտոնական կայքի՝ «ԿՈւԲ»–ի առավելություններն են կրակի բարձր ճշգրտությունը, անաղմուկ աշխատանքն ու հեշտ օգտագործվող լինելը։
ԱԹՍ–ի չափսը 1210*950*165 (երկարություն, լայնություն, բարձրություն) մմ է, թռիչքի տևողությունը 30 րոպե, առավելագույն արագությունը մինչև 130 կմ/ժ, օգտակար բեռի զանգվածը՝ 3 կգ։
Նշենք նաև, որ «Սպառազինության արտահանում» («Экспорт вооружений») հանդեսի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը անիրական է համարում «ԿՈւԲ» ԱԹՍ–ի մրցունակությունը շուկայում եղած իսրայելական ու ամերիկական ԱԹՍ–ների կողքին։