Ավարտվեց Թուրքիա–Ռուսաստան–Իրան չորրորդ հանդիպումը, հաջորդը՝ ապրիլին

Փետրվարի 14–ին Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվեց Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ Էրդողան–Պուտին–Ռոհանի եռակողմ չորրորդ հանդիպումը։ Քննարկման ավարտին ստորագրված համաձայնագրով որոշվել է Աստանայում հաջորդ գագաթաժողովը անցկացնել ապրիլին, իսկ եռակողմ մյուս հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում։

Երեք երկրները հանդիպմանը քննարկել են իրավիճակը Սիրիայում՝ հատկապես Իդլիբում ու Մանբիջում, Սահմանադրական կոմիտեի ստեղծումը, ինչպես նաև ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից։ 

Կողմերը քննարկումից հետո հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Անդրադառնալով Իդլիբի շուրջ Ռուսաստան–Թուրքիա 2018թ. սեպտեմբերի 17–ի հուշագրին, թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը նշեցին, որ երկու կողմերը փորձում են այդ ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկել։

Իրանցի լրագրողի հարցին, թե երեք նախագահները ինչպես են տեսնում Իդլիբում ու Եփրատի արևելքում հետագա զարգացումը, Ռոհանին պատասխանեց. 

«Սիրիայի ամբողջ տարածքը պետք է հանձնվի օրինական իշխանությանը, ու կապ չունի դա Իդլիբում է, թե Եփրատի արևելքում։ Եփրատի արևելքը ևս պետք է «մաքրել ահաբեկչական տարրերից» ու վերադարձնել Սիրիայի իշխանությանը»։

ԱՄՆ զորքերի դուրսբերումը երեք նախագահները որակեցին որպես դրական քայլ՝ ուղղված Սիրիայում իրավիճակի կարգավորմանը։

«Կարծում եմ, որ դա շատ դրական ազդեցություն կունենա Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում, որտեղ վերահսկողությունը ի վերջո պետք է սահմանի միայն Սիրիայի օրինական իշխանությունը»,– ասաց ՌԴ նախագահ Պուտինը։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ չնայած ԱՄՆ–ն որոշել է դուրս գալ Սիրիայից, սակայն իրանական կողմը համոզված է, որ «միևնույնն է նա կշարունակի միջամտել Սիրիայի ներքաղաքական իրադարձություններին»։

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ նշեց, որ ԱՄՆ–ն պետք է հստակ ասի, թե երբ իր զորքերը վերջնականապես դուրս կգան Սիրիայից, քանի որ «մեկ ասում են մայիսին կլինի, մեկ էլ՝ ապրիլին»։

Ռուսաստանի նախագահ Պուտինը անդրադառնալով Սահմանադրական կոմիտեի խնդրին ասաց, որ այն պետք է հնարավորինս արագ սկսի գործել, քանի որ իրենց դիվանագիտական ներկայացուցիչները մեծ աշխատանք են կատարել այդ ուղղությամբ։ Հանդիպման ավարտին ստորագրված համաձայնագրում նույնպես երեք երկրները պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցները կոմիտեի գործունեությունը արագ սկսելու համար՝ համաձայնեցնել անձնակազմը ու առաջարկությունների սահմանումը։

Կողմերը նաև խոսեցին Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնության ու փախստականների իրենց երկիր վերադառնալու անհրաժեշտության մասին։

Նշենք նաև, որ մինչ եռակողմ հանդիպումը երեք երկրների ղեկավարները ունեցել են երկկողմ հանդիպումներ։

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 17–ին Թուրքիան ու Ռուսաստանը կնքել են Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին համաձայնագիր։ Սիրիայում իրավիճակը այս տարի հունվարի 23–ին՝ Մոսկվայում, քննարկվեց Էրդողան–Պուտին երկկողմ հանդիպմանը։ 

Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը համարվում են Սիրիայում «անվտանգության գոտիներ» ստեղծելու երաշխավոր երկրներ։ Այս համաձայնությունը ձեռք է բերվել 2017թ.՝ Աստանայում։ Բացի այսօրվա հանդիպումից, կողմերը ևս երեք հանդիպում են ունեցել՝ Սոչիում, Անկարայում ու Թեհրանում։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *