Կա-52 հարվածային ուղղաթիռներն արդիականցվում են` ելնելով սիրիական փորձից

Ռուսաստանյան “Вертолеты России” հոլդինգի արտադրության Կա-52
 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռները կարդականացվեն՝ հաշվի առնելով Սիրիայում նրանց անցած մարտական փորձը։ Մասնավորապես կփոխվեն գեներատորները՝ շատ ավելի մեծ էներգիա ապահովելու համար, և օպտիկաէլեկտրոնային համակարգերը՝ թիրախները ավելի լավ հայտանաբերելու և ճանաչելու համար։ Այս մասին տեղեկացրել է հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ ուղղաթիռների արդիականացման ծրագիրը արդեն հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Սիրիայում վթարվել է մեկ միավոր Կա-52 ուղղաթիռ, 2018-ի մայիսին։ Թեև քննարկվում էր ահաբեկիչների վարկածը, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ խնդիրը տեխնիկական է եղել։ Այդ վթարը 3-րդն էր ուղղաթիռի շահագործման հանձնվելուց հետո: Մինչ այդ վթարված երկու ուղղաթիռները պատճառը նույնպես եղել էր տեխնիկական խնդիրներ:

Ռուսաստանը Սիրիայում իր ավիախումբը տեղակայել է դեռևս 2015-ի սեպտեմբերից։ Ռուսաստանյան ավիացիան մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին։

Բազային Կա-52 ուղղաթիռը խորհրդային Կա-50 ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Այն նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Ուղղաթիռի անձնակազմը երկու հոգի է: Ուղղաթիռն արտադրվում է 2008-ից, ՌԴ զինված ուժերում կիրառվում է 2011-ից:

Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ ՝, թռիչքի առաստաղը՝ 5,5 կմ: Ուղղաձիգ բարձրանալիս Կա-52-ը կարող է զարգացնել մինչև 12 մ/վ արագություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *