Արցախի արտգործնախարարը հանդիպել է Արցախն ականազերծող «Հալո Թրասթի» նոր ղեկավարին

Փետրվարի 11-ին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում ականադաշտերը մաքրող «HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի արդեն նախկին ղեկավար Չարլզ ֆոլին և նորանշանակ Ասքանազ Համբարձումյանին: 

Հանդիպմանը մասնակցել է նաև կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մայքլ Նյուտոնը: 

Կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ է իրականացնում 2000 թվականից: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում կազմակերպությունը վնասազերծել է ավելի քան 23 հազար ական և չպայթած զինամթերք:

2017-ին կազմակերպությունը հայտարարել էր, որ իրենք արդեն մաքրել են բնակավայրերի մոտ գտնվող, բնակչության վրա ազդող ականադաշտերի 90 տոկոսը:

«Հալո Թրասթ» կազմակերպությունը հույս ունի, բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախը մաքրել բոլոր ականադաշտերից: Արցախն ամբողջովին ականազերծելու համար դրահամահավաք է արվում։ ԱՄՆ Կոնգրեսը 2017-ին որոշել էր 1,5 մլն ԱՄՆ դոլարով աջակցել Արցախն ականազերծելու նախագծին:

Նախկինում հրապարակված որոշ թվերից եկել էինք եզրակացության, որ 1000 քառակուսի մետրի մաքրման համար կծախսվի 2000-ից 3000 ԱՄՆ դոլար: 

«Հալո Թրաստի» աշխատանքներին ներգրավված են նաև տեղի բնակչությունից, որոնք օգնում են ականազերծման աշխատանքներում, ինչպես նաև տրամադրում են ականապատ տարածքների մասին տեղեկություններ: Ներկայումս «Հալո Թրաստը» ունի շուրջ 170 աշխատակից:

Տեղի բնակչության հետ տարվում են նաև աշխատանքներ, մասնավորապես՝ կրթելու և պատրաստելու ուղղությամբ: 2018-ի մարտի 29-ին Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ  կազմակերպության մեքենաներից մեկի պայթյունի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը։ 



Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *