ԱՄՆ–ն զինտեխնիկա է կենտրոնացնում Սիրիա–Իրաք սահմանին. Anadolu

Փետրվարի 4–ի երեկոյան ԱՄՆ–ն Իրաքից զրահատեխնիկայով և գեներատորներով բեռնված ավելի քան 150 մեքենա է ուղարկել Սիրիայի հյուսիս–արևելյան՝ Իրաքի հետ սահմանի մոտ այն տարածքներ, որոնք վերահսկում են քրդերը։ 

Այս մասին գրում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ Ըստ թուրքական աղբյուրի՝ բեռնատարները փետրվարի 5–ի կեսօրին հասել են կոալիցիոն ուժերի Խարաբ Հիշագ և Սըրրին շրջանների ռազմաբազաներ։

Նշվում է, որ գեներատորները հավանաբար ուղարկվել են առկա կամ նորաստեղծ ռազմաբազաներում էներգետիկ պահանջները բավարարելու համար։

Գործակալության աղբյուրը պնդում է, որ ԱՄՆ Սիրիայից դուրս գալու հայտարարությունից հետո Սիրիա–Իրաք սահմանի մոտ քրդական բազաներ է ուղարկվել ավելի քան 400 բեռնատար։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 19–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքերի Սիրիայից դուրսբերման մասին։ Երկու օր առաջ՝ փետրվարի 4–ին Թրամփը հայտարարեց, որ այդ զորքերի մի մասը, այնուամենայնիվ, կմնան Սիրիայում՝ Իսրայելը պաշտպանելու համար, մի
մասը՝ կգնա Իրաք՝ Իրանը վերահսկելու համար, իսկ մյուս մասը կվերադառնա ԱՄՆ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *