Իսրայելի ՊՆ-ն վերացրել է հայկական դիրքերի ուղղությամբ 2017-ին Ադրբեջանի «խնդրանքով» մահապարտ ԱԹՍ կիրառած Aeronautics Defense Systems Ltd. (ADC) ընկերության վրա դրված Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը:
Այս մասին հայտնում է իսրայելական The Times of Israel լրատվակայքը`հղում անելով երկրի ՊՆ-ին:
Ի՞նչ արգելքի մասին է խոսքը
2017 թ. օգոստոսին, երբ իսրայելական մամուլը գրեց Արցախի դիրքերի ուղղությամբ ADC ընկերության ներկայացուցիչների կողմից մահապարտ ԱԹՍ-ներ կիրառելու մասին, Իսրայելում սկսվեց հետաքննություն:
Սկանդալից հետո Իսրայելի ՊՆ ավտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը (Malmab) կասեցրեց ADS-ի՝ արտասահմանյան պատվիրատու երկրներից մեկին Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: Ըստ հայտարարության՝ արգելքը վերաբերում է միայն տվյալ պատվիրատուին և միայն նշված տեսակի անօդաչուների համար:
Ընկերությունը նախատեսում էր այդ պատվիրատուին 2017–18 թթ. վաճառել 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նշված տիպի անօդաչուներ: Թեև պատվիրատուի ով լինելը հայտարարության մեջ չի նշվում, սակայն ասվում է, որ վաճառքի և արտահանման արգելքը պայմանավորված է Իսրայելի ՊՆ կողմից իրականացվող հետաքննության հետ: Ընկերությունում «մտածում էին», որ վաճառքի և արտահանման արգելքը կգործի առնվազն մինչև հետաքննության ավարտը:
Շուրջ մեկուկես տարի անց Իսրայելի ՊՆ-ն վերացրեց այս արգելքը, ինչը թույլ կտա նորից Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներ վաճառել Ադրբեջանին:
Կարելի է ենթադրել, որ գործի քննությունը մոտենում է ավարտին, և արդեն ուրվագծվել են պատասխանատուները՝ ի դեմս ընկերության ղեկավար կազմի: Դեռ նախորդ տարվա օգոստոսին Իսրայելի դատախազությունը մտադիր էր այս մարդկանց մեղադրանք առաջադրել:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ էլ Իսրայելի ՊՆ-ն արգելել էր ADC ընկերության 3 բարձրաստիճան պաշտոնյաներին ռազմական ապրանքների արտահանմամբ զբաղվել: Պաշտոնյաների թվում են ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը և նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը: Նրանց նկատմամբ արգելքը պահպանվում է:
Ընդգծենք, որ սկանդալից հետո ADS ընկերությունը ֆինանսական կորուստներ է ունենում, ինչը հնարավորություն է տալիս իսրայելական մեկ այլ ընկերության՝ Rafael-ին ավելի նպաստավոր պայմաններով գնել Aeronautics ընկերությունը: Rafael ընկերության նման մտադրությունների մասին հայտնի դարձավ այս տարվա հունվարին: