Ռազմաբազայի հնարավոր բացման մասին հայտարարել էր Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանը: Ըստ նրա՝ ռուսական նոր ռազմաբազա բացելը պայմանավորված է Աֆղանստանից աճող ահաբեկչական վտանգի հետ։
Հատկանշական է, որ, ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, իրենք
առաջին անգամ են լսում նման նախաձեռնության մասին, սակայն
պատրաստ են քննարկել անվտանգության ոլորտին վերաբերվող ցանկացած գաղափար։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանում կա ռուսական 4 բազա, որոնցից ամենամեծը Կանտ քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվող ավիաբազան է։ Բազան զինված է Սու–25 գրոհիչներով։ Ավիաբազան հիմնվել է 2003 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ 2009 թվականին Ռուսաստանը, համաձայն միջպետական համաձայնագրի, ևս 49 տարով երկարացրել է ավիաբազայի վարձակալության ժամկետը։ Ավիաբազայի համար Մոսկվան Բիշքեկին ամեն տարի վճարում է ավելի քան 4,5 մլն ԱՄՆ դոլար։
«Կանտ» ավիաբազան մեծապես համալրվեց, երբ 2009 թվականին փակվեց ամերիկյան «Մանաս» ռազմաբազան։ Այդ ժամանակ խոսակցություններ կային, որ երկրի հարավում գտնվող Օշ քաղաքում կբացվի նոր ռուսական բազա։