Ադրբեջանի կործանիչների վրա բելառուսական բորտային համալիրներ են տեղադրվել

Ադրբեջանական աղբյուրները ակտիվ տարածում են բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («оборонные инициативы») ընկերության լուսանկարները, որտեղ երևում են ադրբեջանական ՄիԳ–29 և Սու–25 կործանիչներ՝ համալրված բելառուսական «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրներով (ՊԲՀ)։

Լուսանկարները տեղադրված են ընկերության պաշտոնական կայքում՝ արտադրանքի կատալոգում։ Լուսանկարներում ցուցադրված է բելառուսական ՊԲՀ–ների տեղադրումը ՄիԳ–29 և Սու–25 կործանիչների վրա, իսկ որպես օրինակ ներկայացված կործանիչների վրա երևում են ադրբեջանական տարբերանշանները։

Բելառուսական «Թալիսման» ՊԲՀ–ները ադրբեջանական կործանիչների վրա։ Լուսանկարը՝ «оборонные инициативы» ընկերության պաշտոնական կայքից
Բելառուսական «Թալիսման» ՊԲՀ–ները ադրբեջանական կործանիչների վրա։ Լուսանկարը՝ «оборонные инициативы» ընկերության պաշտոնական կայքից

Նշենք, որ «Թալիսման» ՊԲՀ–ն աշխատում է ավտոմատ ռեժիմով, ապահովում է կեղծ թիրախներ, հայտնաբերում է ինքնաթիռի վրա հարձակվող հրթիռներն ու այդ մասին զգուշացնում օդաչուին, ինչպես նաև գործում է ՀՕՊ համակարգերի դեմ։ Դրա յուրաքանչյուր կոնտեյները կշռում է 65 կգ։

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բելառուս այցի ընթացքում կնքվել էին տարբեր ոլորտների, այդ թվում՝ ռազմական ոլորտի համագործակցության մասին պայմանագրեր։ 

2018թ. Ադրբեջանը ստացել էր նաև բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին խմբաքանակը, իսկ արդեն սեպտեմբերին ստացել էր դրանց երկրորդ խմբաքանակը՝ առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *