Իրկուտսկի ինքնաթիռաշինական «Իրկուտ» գործարանը ՌԴ ՊՆ պատվերով արդիականացնում է Սու–30ՍՄ կործանիչները։ Արդիականացման շնորհիվ նախատեսում են, որ կործանիչը կունենա օդային թիրախներին ավելի հեռու տարածությունից հայտնաբերելու հնարավորություն, ցամաքային, օդային և ծովային թիրախներին խոցելու գերճշգրիտ միջոցներ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովստի» լրատվական գործակալությունը։
«Մինչև տարեվերջ արդիականացումը կավարտենք և 4 միավոր կործանիչ կտրամադրենք փորձակոնստրուկտորային բյուրոյին։ 2019 թվականին բյուրոն պիտի ավարտի բոլոր փորձարկումները»,–հայտնել է Իրկուտսկի ինքնաթիռաշինական գործարանի տնօրեն Անդրեյ Բալչուգովը:
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հունվարի 30–ին այցելել է Իրկուտսկի ինքնաթիռաշինական գործարան՝ կործանիչի արտադրման և հետագա արդիականացման գործընթացներին հետևելու։
Ռուսաստանի ԶՈւ–ում կա ավելի քան 100 միավոր Սու–30ՍՄ կործանիչ։ ՍՈՒ–30ՍՄ կործանիչի 2 էսկադրիլա առկա է Ղազախստանի զինված ուժերում, և պլանավորվում է 2019 թվականին Բելոռուսին արտահանել կործանիչի առաջին խմբաքանակը։ Ավելի վաղ՝ 2018 թվականի նոյեմբերին հայտարարվել էր, որ ՌԴ և Մյանմայի միջև կնքվել է 6 միավոր Սու–30ՍՄ գնման պայմանագիր։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը արդեն ստորագրել է Սու–30ՍՄ կործանիչների ձեռքբերման պայմանագիրը։ Ինքնաթիռների քանակի և գործարքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, դրանք կհրապարակվեն գործարքի իրագործման համապատասխան փուլերում: