Հայաստանի դեմ ԱԹՍ կիրառած իսրայելական ընկերության ղեկավարներին արգելվել է ապրանք արտահանել

Իսրայելի ՊՆ-ն արգելել է հայկական դիրքերի ուղղությամբ 2017-ին Ադրբեջանի «խնդրանքով» մահապարտ ԱԹՍ կիրառած Aeronautics Defense Systems Ltd. (ADC) ընկերության ղեկավարներին ռազմական ապրանքների արտահանում կատարել:

Այս մասին հայտնում է իսրայելական The Times of Israel լրատվակայքը: Ղեկավարների թվում են՝ ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը և ևս մեկը ում անունը չի նշվում: Դեռ նախորդ տարվա օգոստոսին Իսրայելի դատախազությունը մտադիր էր այս մարդկանց մեղադրանք առաջադրել: Նրանց թվում էին նաև Aeronautics-ի զարգացման տնօրեն Հաիմ Հիվշարը և մարքեթինգի ղեկավար Դավիթ Գոլդինը: Հնարավոր է, որ այդ անանուն 3-րդը այս երկուսից մեկն է:

Հատկանշական է, որ սկանդալից հետո ընկերությունը ֆինանսական կորուստներ է ունենում: Այդ պայմաններում Aeronautics-ին ցանկանում է ձեռք բերել իսրայելական մեկ այլ՝ Rafael ռազմարդյունաբերական ընկերությունը: Հունվարի 13-ին հայտնի է դարձել, որ Rafael-ը շուրջ 232 միլիոն ԱՄՆ դոլարի առաջարկ է ներկայացրել: Նման զարգացումներից հետո վաճառքը շատ ավելի հավանական է դառնում: 

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ
Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները իսրայելական ADS ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել էին նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել էին, բայց սարքը գործադրել էին պատվիրակության ղեկավարները: Սկանդալից հետո Իսրայելի ՊՆ-ն կասեցրեց Ադրբեջանին Aeronautics ընկերության Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: 

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել էր 2017-ի նոյեմբերին, սակայն Իսրայելական դատարանը արգելք էր դրել հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննություն էր ընթանում շուրջ մեկ տարի: Գործը քննել են ինչպես Իսրայելի ՊՆ-ում, այնպես էլ Իսրայելի ոստիկանության «Լահավ 433» դեպարտամենտի միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքում («Յահբալ»):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *