Հունվարի 23–ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ–գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպան Համադ բին Աբդուլլա Սաուդ բին Խուբեյրի հետ ու քննարկել Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերը։
Նշվում է, որ հանդիպմանը Հասանովը հաստատել է Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի ռազմական կցորդի ապարատի ստեղծումը, Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության նոր գործարքի նախապատրաստումը, ինչպես նաև առաջիկայում Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության մեկնումը Սաուդյան Արաբիա։
Հիշեցնենք, որ անձամբ Զաքիր Հասանովը Սաուդյան Արաբիա էր մեկնել 2017թ. ապրիլին, որտեղ նրան ընդունել էին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդուլազիզ Սաուդն ու գահաժառանգ, պաշտպանության նախարար Մոհամեդ Սալման բըն Աբդուլազիզը:
Իսկ 2018թ. փետրվարին Ադրբեջան էր մեկնել Սաուդյան Արաբիայի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ալի բըն Իբրահիմ Ֆավազին, ում հետ ևս քննարկվել էր երկու երկրների ռազմական համագործակցության զարգացմանն ուղղված հարցերը։