Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը հարզազրույցներից մեկում հայտարարել է, որ իրենք ռազմական արտադրանք են արտահանում Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի ընդհանուր 10–ից ավելի երկրներ:
Շտաբի պետ Սադիկովը նաև նշել էր, որ այդ երկրների մեջ են Իրաքը և Հարավային Կորեան: Ադրբեջանական «Միլի Մեջլիս» թերթին տված հարցազրույցը հրապարակվել էր հունվարի 18-ին. փորձեցինք բաց աղբյուրներից մանրամասներ պարզել:
Նախ նշենք, որ «10-ից ավելի երկրներ» զենք արտահանելու մասին ադրբեջանական կողմից սա առաջին հայտարարությունը չէ: Նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաևը ևս հայտնել էր, որ իրենք արտահանում են «տասնյակ երկրներ»:
ԳՇ պետի՝ Իրաք և Հարավային Կորեա զենք արտահանելու արտահայտության հետքերով փորձեցինք հնարավոր բաց աղբյուրներից պարզել, թե այդ երկրների սպառազինությունում ադրբեջանական ինչ արտադրանք է առկա, սակայն դեռևս հաստատող տեղեկություններ չենք գտել:
Իրաքի պարագայում հավանական տարբերակներից դիտարկում ենք խորհրդային ստանդարտ տրամաչափերի զինամթերքի (փամփուշտներ, արկեր), նռնակների ևն մատակարարում:
Հարկ է նշել, որ ադրբեջանական բեռնատար Իլ-76 ինքնաթիռները պարբերաբար նկատվում են Իրաքի տարածում: Վերլուծելով Flightradar24-ի տվյալները՝ ստացվում է մոտավոր այսպիսի պատկեր. բեռնատար ինքնաթիռները մեկնում են Բաքվից, նկատվում Իրանում, անցնում Իրաք, ապա որոշ ժամանակ անց կրկին նկատվում Իրանում՝ դեպի Ադրբեջան շարժվելիս:
Ինչ վերաբերում է Հարավային Կորեային, ապա դեռևս որոշակի ազդակներ կամ լրացնող փաստեր չկան: Հատկանշական է, որ այս երկրների անուները տալուց առաջ Սադիկովը խոսել էր Ադրբեջանում հավաքվող «Զարբա» մարտական մասով ԱԹՍ-ի մասին:
Բացի վերոնշյալից, հայտնի է նաև, որ Ադրբեջանը ներգրավված է եղել Սիրիայի գրոհայիններին զինելու գործում: 2017-ի ամռանը «Անոնիմուս Բուլղարիա» հաքերային խումբը հրապարակեց Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության մեծ թվով փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունները բացահայտեցին Սիրիայում ահաբեկիչներին զինելու գործում Ադրբեջանի ներգրավվածությունը:
Փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրությունից մենք նաև կարողացանք պարզել, որ Ադրբեջանը, բացի ինքնաթիռներով զենքի տեղափոխությունից, հանդիսացել է նաև զենք-զինամթերք ուղարկող։ Գործարքին ներգրավված է եղել Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «ՋԻՀԱԶ» արտադրական միությունը: