Էրդողան–Պուտին հանդիպումը․ հիմնական հայտարարությունները

Հունվարի 23–ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փակ ձևաչափով հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահները ներկայացան համատեղ մամուլի ասուլիսով։

Էրդողանի հետ այսօր Մոսկվա են մեկնել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական կազմակերպության նախագահ Հաքան Ֆիդանը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, հասարակայնության հետ կապերի վարչության ադմինիստրացիայի նախագահ Ֆահրեդդին Ալթունը, ինչպես նաև գյուղատնտեսության ու անտառատնտեսության, էներգետիկայի և բնապահպանական ռեսուրսների նախարարները։

Էրդողանը և Պուտինը հայտարարեցին, որ քննարկել են Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման հուշագիրը, Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցը՝ ԱՄՆ զորքերի դուրս բերումից հետո, տնտեսական համագործակցության հարցեր։

Իրավիճակը Սիրիայում ԱՄՆ զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում իրավիճակի կայունացման համար։

Նա նշեց, որ իրենք կողմ են Սիրիայում իշխանական ուժերի և քրդական ուժերի ներկայացուցիչների միջև երկխոսությանը՝ ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո։

Պուտինը հայտարարեց նաև, որ այս խնդրում Աստանայի ձևաչափը լավագույն լուծումն է։ Նա հայտնեց, որ Թուրքիան ու Ռուսաստանը իրենց բաժին աշխատանքն արել են սահմանադրական կոմիտեի կազմավորման համար, սակայն արևմտյան մի քանի գործընկերներ աշխատանքը համարել են չավարտված և հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ։

Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հայտարարեց, որ Թուրքիան շարունակելու է Սիրիայում «ահաբեկիչների դեմ պայքարում» համագործակցել Ռուսաստանի հետ։ Էրդողանը հավելեց, որ Թուրքիայի միակ նպատակը Սիրիայում «ահաբեկչական PKK-ի («Քրդստանի աշխատավորական կուսակցության») կազմում ԻՊ անդամների դեմ պայքարն է»։

Իրավիճակը Իդլիբում

Պուտինն ու Էրդողանը, անդրադառնալով Իդլիբի շուրջ իրենց կնքած հուշագրին, նշեցին, որ քննարկվել են հնարավոր բոլոր եղանակները այդ հուշագիրը ամբողջովին իրականացնելու համար, ինչպես նաև քննարկվել են այլ քայլեր իրավիճակը Իդլիբում կայունացնելու համար։

Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 17–ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել էր հուշագիր սիրիական Իդլիբի իրավիճակի մասին։ Ըստ այդ հուշագրի՝ Իդլիբի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի ու այդտեղ թուրքական և ռուսական զինված ուժերը պետք է իրականացնեին անկախ պարեկային գործողություններ։ 

Մինչև 2018թ. վերջ Իդլիբ նահանգը համարվում էր այն վերջին կետը, որտեղ Սիրիայի իշխանական ուժերը ցանկանում էին հարձակվել ընդդիմադիր ուժերի վրա։ Թուրքիա – Ռուսաստան հուշագրով ընդդիմադիր ուժերի սպառազինությունը դուրս էր բերվել Իդլիբից։ 

Սակայն այս տարվա հունվարի 18–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ լավրովը հայտարարեց, որ «Թահիր ալ–Շամ»* «ահաբեկչական կազմակերպությունը» իր վերահսկողության տակ է վերցրել Իդլիբի ապառազմականացված գոտու 70 տոկոսը՝ դրանով խախտելով Թուրքիա–Ռուսաստանի համաձայնագրի պայմանները։ 

*Լավրովը հայտարարել է, որ հարձակումը իրականացրել է «Ալ–Նուսրա»
խմբավորումը, սակայն, հարկ է նշել, որ 2017թ. փետրվարին «Ալ–Նուսրա» խմբավորումը լուծարվել է և դրա անդամները ստեղծել են «Հայաթ Թահրիր ալ–Շամը»։

Թուրքիա–Ռուսաստան–Իրան գագաթնաժողով

Կարևոր հայտարարություն էր այն, որ որոշվել է Ռուսաստանում անցկացնել Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ ևս մեկ գագաթնաժողով։ Նշվեց, որ հանդիպման օրը և վայրը արդեն քննարկվել է, սակայն դեռ պետք է համաձայնեցնել Իրանի նախագահի հետ։

Սիրիայի Իդլիբ նահանգում զինուժ տեղակայելու վերաբերյալ Թուրքիան համաձայնության է եկել Աստանայում Իրանի և Ռուսաստանի հետ: Այս երեք երկրները հանդիսանում են երաշխավորներ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման և «ապաէսկալացման գոտիների» ստեղծման համար:

«Թուրքական հոսք» գազատար

Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ «Թուրքական հոսք» գազատարի թողարկումը սպասվում է մինչ այս տարվա վերջ։ Նշվեց, որ մեկ ու կես տարվա ընթացքում ներդրվել է գազատարի երկու գիծ, որոնցից յուրաքանչյուրը կարող է 15,75 մլրդ մ3 բնական գազ։


Նշենք, որ սա այս տարի Էրդողան-Պուտին առաջին հանդիպումն էր։ Կարելի է ասել, որ այս հանդիպման ընթացքում որևէ նոր հայտարարություն, ըստ էության, չեղավ։

Հարկ է նշել, որ սպասվում էր քննարկում նաև ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերի վաճառքի շուրջ, սակայն այդ մասին որևէ հայտարարություն չեղավ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *