[Թարմացված] Ռուսաստանի զինված ուժերը հինգ օրում 3–րդ ռմբակոծիչն է կորցնում

Հունվարի 22–ին՝ ժամը 13։40–ի մոտ, Ռուսաստանի Մուրմանսկի շրջանի Օլենեգորսկ քաղաքում պլանային ուսումնամարտական թռիչքից հետո վթարային վայրէջք է կատարել ՏՈւ–22Մ3 ռմբակոծիչը, ինչից անձնակազմից երկուսը՝ հրամանատարի օգնականն ու օպերատորը, մահացել են։ 

Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ 

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմի մյուս երկու անդամը՝ հրամանատարն ու ղեկապետը (штурман), վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

«ՏԱՍՍ»–ը հայտնում է, որ ինքնաթիռը վթարվել է ձնաբուքի մեջ ընկնելու և թռիչքուղուն ուժեղ հպվելու պատճառով։ Ամենայն հավանականությամբ եղանակի վատթարացման ժամանակ ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել օդաչուների սխալը։

Վթարի հետևանքով կործանիչը թռիչքուղու վրա բաժանվել է երկու մասի, ինչից վառելիքը դուրս է թափվել։ Բռնկվել է հրդեհ, ինչը հաջողվել է հանգցնել։ Ռմբակոծիչը պետք է վայրէջք կատարեր «Օլենյա» ավիաբազայում։

[Թարմացում] Քիչ առաջ մահացել է նաև ինքնաթիռի անձնակազմի երրորդ անդամը։

Նշենք, որ սա Ռուսաստանում այս տարի արդեն երրորդ ռմբակոծիչի վթարն է. հունվարի 18–ին  երկու միավոր ՍՈւ–34 կործանիչ–ռմբակոծիչներ ճապոնական ծովի վրա պլանային ուսումնամարտական թռիչքների ժամանակ բախվել էին։ Ինքնաթիռների անձնակազմներից երկու օդաչու մահացել էին, մեկ անդամը կատապուլտով փրկվել էր, իսկ չորրորդ օդաչուի ճակատագիրը դեռևս անհայտ է։

Ռուսական ՏՈւ–22Մ3 ռմբակոծիչը
Ռուսական ՏՈւ–22Մ3 ռմբակոծիչը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *