Հունվարի 21-ին Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում Իրանի ԶՈւ ենթակայության տակ գտնվող ռազմական օբյեկտների (ըստ՝ իսրայելական կողմի) և Սիրիայի ԶՈւ ՀՕՊ դիրքերին: Թիրախավորվել է ընդհանուր 10 օբյեկտ:
Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ հարվածները հասցվել են մայրաքաղաք Դամասկոսի հարևանությամբ տեղակայված օբյեկտներին: Խոցվել է Սիրիայի ԶՈւ ՀՕՊ 6 դիրք և Իրանի ենթակայության ռազմական 4 օբյեկտ՝
- Զինապահեստ
- Ռազմական օբյեկտ՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում
- Իրանական հետախուզության բազա
- Իրանական ռազմական պատրաստության կենտրոն
Իսրայելական կողմը ավիահարվածներից հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ հրթիռներից մեկը խոցում է ռուսաստանյան արտադրության «Պանցիր Ս-1» ԶՀՀ-ն: Ի դեպ՝ սա առաջին նման դեպքը չէ. Իսրայելը սիրիական «Պանցիր» էր խոցել նաև նախորդ տարվա մայիսին:
Ռուսաստանը Սիրիային է մատակարարել 40 միավոր «Պանցիր Ս-1»
Ըստ Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալություն Իսրայելի օդուժը հարվածները հասցրել է 3* ուղղությունից՝ Լիբանանի տարածքից, Իսրայելի Գլիլի շրջանից և Տիբերիա լճի տարածքից: Սիրիական կողմը պնդում է նաև, որ խոցել է իսրայելական հրթռներ, սակայն դրանց ապացույցները դեռևս չկան:
*Տիբերիա լիճը հենց Գալիլի ուղղությամբ է:
Ռուսաստանի բանակի Գլխավոր շտաբից հայտնել են, որ հարվածներից զոհվել է Սիրիայի բանակի 4 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը:
Նշենք, որ մինչ հարվածները Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել էր, որ Գոլանի բարձունքների ուղղությամբ արձակվել է հրթիռ, ինչը կասեցրել է Iron Dome համակարգը: