Ռազմինֆոն զորակոչի մեկնարկի հետ ներկայացնում է իր նոր հեղինակային շարքը՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։
Այսօրվա մեր զրուցակիցն է գյումրեցի Միքայել Միքայելյանը։
Նա Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի առաջին կուրսի ուսանող է։
-Միքայել, ինչպիսի՞ն է նախազորակոչային զգացողությունը։
Իրականում շատ բաներ եմ զգում:Բայց առաջինը ուսերիս վրա դրված պարտականության գիտակցումն է:
-Այսինքն՝ բանակը Ձեզ համար առաջին հերթին պարտականությո՞ւն է։
Լայն առումով ՝ ոչ:Իսկ ծառայությունը որպես այդպիսին՝ այո: Սրբագույն պարտք է:
-Անհանգստություն կա՞։
” Անհանգստության ոչ մի նշույլ չկա: Թերևս անհանգստանում եմ միայն ընտանիքիս անդամների համար, որոնք երկու տարի պետք է ապրեն առանց ինձ: Բայց դա չի կարող էական հանգամանք հանդիսանել,որպեսզի չուզենամ ծառայել: Ես կանհանգստանայի այն ժամանակ, երբ չծառայեի:
-Որտե՞ղ կուզենայիք ծառայել, Հայաստանի ո՞ր հատվածում։
Կուզենայի ծառայել Հայաստանի Հանրապետության Արցախի մարզում:
-Միջազգայնագետի պատասխան չէր։
Դե հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ կոնֆերանսի չեմ նստած, որ խոսեմ միջազգային իրավունքով կամ միջազգային հարաբերությունների չափորոշիչներով: Հիմա խոսում եմ ոչ թե որպես միջազգայնագետ կամ քաղաքագետ, այլ ապագա զինվոր, ազգայնական:
-Իսկ ինչպիսի՞ ստորաբաժանումում կուզենայիք ծառայել։
Կցանկանայի հետախույզ կամ դիպուկահար լինել։
-Երբևէ մտածե՞լ եք ծառայության չգնալու մասին։
Իրականում, այո, մտածել եմ: Բայց դա չի նշանակում, որ մտածել եմ ինչ անեմ բանակ չգնամ,այլ մտածել եմ զուտ մտածելու համար: Դու տեսնում ես շուրջբոլորդ, ու բոլորի հետ համեմատվում ես: Օրինակ, եթե ես սրա նման լինեի, եթե ես նրա նման լինեի:
-Եթե հնարավոր լիներ չծառայել, կօգտվեի՞ք այդ հնարավորությունից։
Միանշանակ՝ ոչ:
-Ինչպե՞ս եք պատկերացնում բանակային ծառայությունը։
Հստակ չեմ կարող ասել:Շատ բաներ եմ լսել ծառայող ընկերներիցս: Բանակի մասին լսել եմ և՛ լավը, և՛ վատը: Բայց ամեն դեպքում ես լավն եմ տեսնում: Պատկերացնում եմ առաջին հերթին ինձ համազգեստով, զենքը ձեռքիս սահմանին հպարտ կանգնած: Պատկերացնում եմ ապագա հրամանատարներիս ՝ խստապահանջ և հայրենասեր: Իհարկե, անսահման կարոտ, հարազատ տան, ընտանիքիս անդամների, հարազատների և սիրած էակի նկատմամբ (ժպտում է):
-Ձեզ պայմանագրային զինվոր պատկերացնո՞ւմ եք։
Եթե անկեղծ, էլի մտածել էի այդ մասին:Բայց՝ ոչ:Ես ինձ չեմ պատկերացնում ամբողջ կյանքում զենքը ձեռքիս: Երկու տարի կծառայեմ հայրենիքիս որպես զինվոր, իսկ դրանից հետո կծառայեմ որպես ՀՀ քաղաքացի: Շատ նպատակներ ու երազանքներ ունեմ կյանքում: Ցանկանում եմ առաջին հերթին մասնագիտությամբս հայրենիքիս ծառայել:Մենք կորցրինք Արևմտյան Հայաստանը և հիմա պարզապես թույլ չենք կարող տալ կորցնել Արցախը: Իսկ Արցախը չենք կորցնի, եթե ունենանք հզոր բանակ, որը պահում է այն ագրեսիայից և միջազգային ասպարեզում խելացի մասնագետներ, որոնք իրենց առջև խնդիր ունեն ԼՂՀ-ն վերջնականապես ամրագրել ՀՀ կազմում:
-Ի՞նչը կուզենաք փոխվի բանակում։
Արժեհամակարգը, բարոյահոգեբանական մթնոլորտը: Այսօր գաղտնիք չէ,որ շատերն են խուսափում ծառայությունից:Ես չեմ մեղադրում այդ մարդկանց: Իրենք նույնպես հայրենասեր են: Շատերը ինձ ասում են չենք ծառայի,բայց եթե պատերազմ լինի կյանքներս էլ չենք խնայի: Այսինքն՝ նրանք համարում եմ ծառայությունը երկու տարվա անիմաստ կորուստ: Այս խնդիրը պետք է լուծվի, որ բոլորը սիրով գնան,ոչ թե պարտադրված: Բանակում նաև մի վատ երևույթ կա, որը սակայն աստիճանաբար վերանում է իմ կարծիքով՝ զինվորների կոմպլեքսավորվածությունն է ավել անելու, դիրքեր ամրապնդելու և այլն, որը իմ կարծիքով ուղղակի ցինիկություն է, անլրջություն և թերարժեքության բարդույթ:
-Բանակում ի՞նչն եք ամենաշատը գնահատում։
Գնահատում եմ նվիրումը, այդ գործի նվիրյալներին, բոլոր սպաներին և զինվորներին:Նույնիսկ այն զինվորներին, որոնք պարտադրված են մեկնել ծառայության։ Նրանք պարտադրված, թե կամովի նույնպես ծառայում են և իմ կարծիքով ավելի դժվար են ծառայում, քան նրանք ովքեր գնացել են կամավոր:
-Եթե բանակում ինչ-որ բան ավելացնելու հնարավորություն լիներ, ի՞նչ կավելացնեիք։
Կուզենայի բանակում անցկացվեին հայրենասիրական երգ ու պարի դասընթացներ:Ինչպես նաև բոլոր զինվորներին թույլատրվեր օգտագործել զինվորի համար այնքան բաղձալի բջջային հեռախոսը (ծիծաղում է)։ Բայց իհարկե խիստ ռեժիմի տակ, այսինքն՝ լիներ խոսելու հատուկ ժամեր: Գիտեմ, որ հիմա էլ կա, ուղղակի քիչ է:
-Երբևէ իրավախորհրդատվության դիմե՞լ եք բանակային ծառայության մասին ինչ-որ բան իմանալու համար։
Ոչ: Պարբերաբար ընթերցում եմ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը,որպեսզի ամեն ինչ լինի միայն ու միայն օրենքով։ Որպեսզի հստակ գիտենամ իմ իրավունքներն ու պարտականությունները:Կարողանամ անհրաժեշտության դեպքում պաշտպանել մնացած զինվորների իրավունքները: Իմ կարծիքով այսօր բանակում շատ են այնպիսի հրամանատարները, որոնք ուղղակի իրավունք չունեին այնտեղ լինելու:
-Կրակել գիտե՞ք։
Դպրոցում ռազմագիտության ժամերին որոշակի չափով ծանոթացել եմ զենքին տիրապետելու արվեստին, կրակելուն, քանդել-հավաքելուն:Մի անգամ էլ մեզ տարել էին զորամաս՝ կրակելու:Ի ուրախություն ինձ լավ նշանառու եմ: 3-ից 2-ը որսաց թիրախը: Սկզբի համար կարծում եմ՝ վատ չէ:
-Մինչև այժմ լսած ամենաօգտակար խորհուրդը ո՞րն է եղել և ումից:
Շատ լավ հիշում եմ:Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուց:Ինձ ասաց՝ գնա և ծառայիր Արցախում:Քո նման զինվորների կարիքը այնտեղ շատ կա:Սա ոչ թե որպես խորհուրդ այլ պատգամ:
-Ի՞նչը կկարոտեք։
Կկարոտեմ հայրենի տունը, ընտանիքիս, ընկերներիս, հարազատներիս, բայց թող ներեն ինձ ընտանիքիս անդամները և ընկերներս, բայց ամենաշատը կարոտելու եմ սիրածս էակին (ժպտում է)։
-Առավոտյան քանիսի՞ն եք արթնանում։
Շատ ցավոտ հարց տվեցիք:Պետք է անկեղծ լինեմ: Արթնանում եմ ուշ:Երբեմն եղել է,որ արթնացել եմ նույնիսկ կեսօրին: Բայց հուսով եմ բանակը կուղղի իմ այս թերությունը: (ժպտում է)։
-Սպորտով զբաղվո՞ւմ եք։
Սպորտով չեմ զբաղվում, բայց ինձ համարում եմ պինդ ու առողջ եիրտասարդ:3 ամիս զբաղվել եմ թեթև ատլետիկայով, բայց ժամանակիս սղության պատճառով դադարեցրել եմ:Սակայն դպրոցում շատ բարձր է եղել առաջադիմությունս ֆիզկուլտուրայից: Ավարտական քննությունս էլ ստացել եմ շատ բարձր՝ 10 միավորից 10:
-Ինչպես եք պատկերացնում Ձեզ ծառայությունից հետո։
Պատկերացնում եմ ավելի հասուն, առողջ, լուրջ,ավելի գրագետ և ավելի նպատակասլաց:
-Ծառայությունից հետո ինչո՞վ եք զբաղվելու։
Շարունակելու եմ կրթությունս և աշխատելու եմ:Սա ամենակարևորը,իսկ մնացածը՝ ըստ պահանջի:
-Ինչպե՞ս եք վերաբերում աղջիկների` բանակում ծառայելուն։
Շատ վատ:Ես, իհարկե, չեմ կասկածում մեր աղջիկների հայրենասիրությանը և համարձակությանը: Պատմությունը դա ապացուցում է: Բայց ծառայությունը տղաների համար է: Պետք է աղջիկներին ապահովել ռազմական գիտելիքներով, որը և արվում է դեռ դպրոցից։ Իսկ ավելի ամբողջական և համապարփակ գիտելիքներ ձեռք բերելու համար կա համապատասխան գրականություն, ինչպես նաև համացանցային ահռելի նյութ:Բայց քանի հայ տղան կա, հայ աղջիկը զենք չի վերցնելու:
-Սիրած զբաղմունք ունե՞ք։
Շա՜տ եմ սիրում լսել ու երգել հայրենասիրական-ազգագրական երգեր:Սիրում եմ ընթերցել, պարել ազգային ավանդական պարեր։ Սիրում եմ թերթ կարդալ, անպայմանորեն ամեն օր հետևում եմ օրվա լրահոսին: Հա մեկ էլ սիրում եմ գրառումներ անել ֆեյսբուքում և ըստ այդմ, բանավիճել քննադատողների հետ:
-Ի՞նչ եք մաղթում այն տղաներին, ովքեր Ձեզ պես պատրաստվում են բանակ գնալ:
Տղաներին մաղթում եմ ուժ ու եռանդ։Թող բոլոր զինվորները երդվեն ու ծառայեն իրենց երդմանը համաձայն:Ուզում եմ,որ բոլորը քաջ գիտակցեն որ հայոց բանակը հաղթանակած բանակ է:Բայց այդ հաղթանակը հեշտ չի ձեռք բերվել:Ուզում եմ,որ բոլորը բանակ գնան մեր հերոսներին իրենց սրտերում՝Մոնթեին, Կարոյին, Թաթուլին, Դուշմանին և բոլոր բոլորին: Թող բանակում ոչ մի դժբախտ պատահար այլևս չլինի:Իսկ եթե անգամ զինվոր է զոհվելու,ապա միայն ու միայն շուն թուրքի գնդակից և ոչ երբեք հայի: Բոլորին բարի ծառայություն և անսահման հայրենասիրություն:
Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի