Քարզայը դադարեցրել է բանակցություններն ԱՄՆ-ի հետ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը որոշել է դադարեցնել Միացյալ Նահանգների հետ անվտանգության վերաբերյալ համաձայնագրի բանակցությունները։ Տեղեկացնում է AP-ն՝ հղում կատարելով Աֆղանստանի նախագահի պաշտոնական հայտարարությանը։

Քարզայ

Վաշինգթոնի և Քաբուլի միջև բանակցություններ են ընթանում՝ որոշելու ամերիկյան ռազմական ներկայության հարցն Աֆղանստանում 2014 թվականից հետո, երբ դաշնակիցների հիմնական զորքերը կլքեն երկրի տարածքը։

Քարզայը հաղորդագրությունում նշել է, որ բանակցությունների դադարեցման պատճառը «ԱՄՆ-ի հայտարարությունների և գործողությունների միջև եղած հակասություններն են»։

Նշենք, որ Միացյալ Նահանգները որոշել է Քաթարում բանակցություններ վարել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, որոնք էլ համաձայնել են այդ քայլին։ Քարզայն այս որոշումից հետո հայտարարել էր, որ Քաթար կուղարկի նաև իր ներկայացուցիչներին։

Ըստ BBC-ի՝ Աֆղանստանի նախագահին անհանգստացրել է Քաթարում թալիբների գրասենյակի ցուցանակը, որի վրա գրված է եղել «Աֆղանստանի իսլամական էմիրություն», ինչպես նաև թալիբների դրոշը։ Քաբուլում ենթադրում են, որ այս գրասենյակը կարող են օգտագործել «Թալիբանի» համար միջոցներ հայթայթելու համար։

Պաշտոնական Վաշինգթոնը դեռ չի պատասխանել Աֆղանստանի նախագահի հայտարարությանը։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև անվտանգության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները սկսվել են տարեսկզբին։ Կողմերը փորձում են հստակեցնել, թե հիմնական զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում ամերիկյան բանակի որ ստորաբաժանումներն ու ինչ թվաքանակով կշարունակեն ծառայություն կրել այդ երկրում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *