Ոչ մարտական պայմաններում կորուստների թիվը ոչ թե ավելացել, այլ նվազել է, իսկ համակարգն ավելի թափանցիկ է դարձել: Նման համոզմունք են հայտնել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը չեն շրջանցվել նաև զինծառայողների իրավունքները: ՀՀ ՊՆ-ի և ՄԻ պաշտպանի գրասենյակի միջև սկիզբ դրված համագործակցության արդյունքում ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝ ԶՈւ-ում ՄԻ հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար:
- «Բանակում մահվան դեպքերի թիվը չի ավելացել , պարզապես համակարգն առավել թափանցիկ է դարձել». հայտարարել է Հրայր Թովմասյանը:
- Դավիթ Տոնոյանն էլ հայտնել է, որ ոչ մարտական պայմաններում կորուստների թիվը նվազել է, սակայն պաշտոնական տվյալներ կհրապարակվեն օրեր անց: Իսկ ինչ վերաբերում է մահվան դեպքերը սկզբնական փուլում որպես «ինքնասպանություն» ձևակերպելուն՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ դա ձևակերպման խնդիր է և այսուհետ ավելի ուշադիր կլինեն:
Տպագիր մամուլի հաղորդմամբ՝ աշխատանքից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը և այդ պաշտոնին է նշանակվել ՊՆ վերահսկիչ վարչության պետ Արամ Սահակյանը:
Իսկ ադրբեջանական կողմը այս շաբաթ հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ:
Տարածաշրջանային լուրերից.
- Թուրքիան՝ 1 մլն 692 հազար դոլար ընդհանուր արժեքով ռազմական սարքավորումներ է նվիրել Վրաստանին:
- Թուրք զինվորը՝ վիճաբանությունից հետո, իրեն կցված G-3 հրազենով սպանել է իր երկու հրամանատարներին:
- «Իրանի վրա Իսրայելի հարձակումը խելագարություն կլինի։ Իրանի հետ կատակ անել պետք չէ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նման քայլը համեմատելով կրակով խաղալու հետ: