[Թարմացված] Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. հայտնի կորուստները. Razm.info

2018 թվականին Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 34 կորուստ, որից հայտնի է 33–ի անունը։ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը հայտնում է 37 կորստի մասին, սակայն՝ առանց անունների։

Մեզ հայտնի 34 կորստից 10–ը մարտական են, 20–ը՝ ոչ մարտական, 4-ի պատճառներն անհայտ են։ «Խազար»–ի գրանցած 37 կորստից 6–ը մարտական են, 31–ը՝ ոչ մարտական։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, որոնց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օր.՝ տե՛ս ստորև «Հավելվածը»)։ Ուստի մեծ է հավանականությունը, որ իրականում կորուստների թիվը 37–ից ավելի է։

Քանի որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր գրանցած և «Խազարի» հայտնած թվերը վերաբերում են նույն մարդկանց։ 

Օրինակ՝ «Խազար»–ի տվյալներով Ադրբեջանի ներքին զորքերում եղել է 1 կորուստ, իսկ Ռազմինֆոյի տվյալներով՝ 2։ Այլ կատեգորիաներն էլ համեմատելով ակնհայտ է դառնում, որ մեզ հայտնի 34 կորուստը ամբողջությամբ չի համընկնում «Խազար»–ի 37 կորստի հետ, ինչն էլ հաստատում է մեր այն ենթադրությունը, որ կորուստներն իրականում ավելի շատ են 37–ից։

Ադրբեջանի ԶՈւ 2018թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի.

*Աղյուսակը թարմացված է 2019թ. հունվարի 22–ի դրությամբ։

ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար                3            1           –
Փետրվար                1            1           1
Մարտ                1            –           1
Ապրիլ                –             –           1
Մայիս                1            2           –
Հունիս                –            2           –
Հուլիս                2            4            1
Օգոստոս                –            2           –
Սեպտեմբեր                2            2           –
Հոկտեմբեր                –            2           –
Նոյեմբեր                –            4           –
Դեկտեմբեր                –            1           –
Ընդհանուր               10            21           4

Նշված 34 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 7–ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից և սոցիալական ցանցերից։ 

[Թարմացում] 2018թ.–ից հայտնի դարձավ նաև, որ նոյեմբերի 23–ին հիվանդությունից մահացել էր զինդատախազ, 1959թ. ծնված փոխգնդապետ Շունասի Գասիմով Իսմայիլ օղլուն (Şünasi İsmayıl oğlu Qasımov): Վերջինիս ևս հաշվում ենք ոչ մարտական կորուստների ցանկում։ Այսպիսով ստացվում է 35 կորուստ, որից 21–ը ոչ մարտական, 10–ը մարտական, 4–ը՝ անհայտ։ [Թարմացում] (Թարմացումը՝ 2019թ. հունվարի 22–ի դրությամբ)։

Հավելված. 2018թ. պարզված կորուստները 2017թ.–ից

2018թ. ընթացքում մեզ հայտնի է դարձել 2017թ. ադրբեջանցի 2 մահացած զինծառայողի անուն, ինչպես նաև հայտնի կորուստների մասին լրացուցիչ մանրամասներ։

2018թ. Հուլիսին հայտնի դարձավ 2017թ. օգոստոսի 9–ին մահացած Իսաև Ասիմ Ֆիրդովսի օղլուի (İsayev Asim Firdovsi oğlu) անունը։ Նրա մասին ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում 2017թ. որևէ հայտարարություն չէր եղել։ 

Դեկտեմբերին իմացանք նաև Ադրբեջանի ԶՈւ սպա, 2017թ. հունիսի 29-ին մահացած մայոր Մայիս Դաշզերլիի (Mayis Daşzərli) մասին։ Ըստ սոցցանցերում գրառումների նա մահացել էր ուղեղի կաթվածից։

2018թ. ընթացքում մեզ հայտնի դարձավ, որ 2017թ. մեր տվյալներով հայկական գնդակից սպանված կապիտան Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu) իրականում մահացել է հայտնի «Լրտեսների գործի» շրջանակներում՝ արտադատարանական մահապատիժներից։

Հայկական զինված ուժերի կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *