Թուրքիայում կձերբակալեն ևս 100 զինվորականի

Դեկտեմբերի 7-ին Անկարայի հանրապետական դատախազությունը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենականների հետ կապի համար լիազորել է ձերբակալել ևս 100 զինվորականի։ 

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ 

Աղբյուրը հայտնում է, որ այս կասկածյալ զինվորականները հիմնականում ծառայում են Թուրքիայի ցամաքային ուժերի ստորաբաժանումներում։ Նրանց ձերբակալելու համար իրավապահ մարմիններն արդեն սկսել են գործողությունները։ 

Հիշեցնենք, որ գյուլենականների հետ կապի համար Թուրքիայում զինվորականների ձերբակալությունները սկսել են 2016թ. հուլիսի 15–ի լույս 16–ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Ձերբակալվածները մեղադրվում են հեղաշրջման կազմակերպիչների հետ կապի համար։

Գյուլենականները համարվում են ԱՄՆ–ում կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները։ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ ռազմական հեղաշրջման փորձը Գյուլենն էր կազմակերպել՝ ուժային կառույցներում ստեղծելով իր «ահաբեկչական բջիջները»։ 

2018թ․ նոյեմբերի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ 2016թ. հուլիսի 15–ից այս կողմ Թուրքիայի զինված ուժերից ձերբակալվել է 15 հզ 153 զինվորական, ևս 323-ը հեռացվել է զինված ուժերից։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *