Կառավարության որոշմամբ զորացրված սպաների բնակարանային խնդիրը մեռյալ կետից շարժվել է: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորացրված սպաների հետ հանդիպմանը։
Վարչապետն ասել է, որ եթե լինեն մարդիկ, որոնց այս լուծումը ձեռնտու չի լինի, նրանց նկատմամբ պետության պարտավորությունը կմնա:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարության շենքի դիմաց հավաքված զորացրված սպաների մի խմբին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը։
Երեկ Հայաստանի կառավարությունը որոշել էր 1141 զորացրված սպաներից յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար։ Դրա համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ–ին հատկացվելու է 5 մլրդ 705 մլն դրամ։ Պահեստազորի սպաները դժգոհ են այս որոշումից, որովհետև օրենքով պետությունը պարտավոր է բնակարան գնելու համար տրամադրել գումարի ոչ թե մի , այլ բավարար մասը։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Պաշտպանության նախարարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնելու է որոշում, թե նշված 5 մլրդ դրամն ինչ սկզբունքով և ինչպես է բաշխվելու: Ռազմինֆոյի հետ զրույցում Պահեստազորի մայոր Պարզյանը ասաց, որ երբ լինի որոշումը, գուցե որոշ բաներ ավելի հասկանալի լինեն։
«․․․Չի նշանակում, թե ասում ենք՝ այս 5 մլրդ դրամը վերցրեք և հաշիվները մաքրեցինք: Դա նշանակում է, որ կա այսպիսի հնարավորություն, մենք ստեղծում ենք այդպիսի հնարավորություն: Այս 1200-ի մեջ վստահաբար կլինեն մարդիկ, որոնց համար սա կլինի ոչ միայն հնարավորություն, այլև հարցի լուծում․»,– նշել է Փաշինյանը:
Մայոր Պարզյանի խոսքով՝ վարչապետի մոտ կադաստրի պետական կոմիտեի տեղեկանք է եղել, սակայն նա համաձայնել է, որ կան բնակավայրեր, որտեղ այդ գումարով տուն հնարավոր չէ գնել․ նրանց համար հետագայում կփորձեն լրացուցիչ գումար ներգրավվել։
Վարչապետի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Փաշինյանն ընդունել է հանդիպման մասնակիցների առաջարկն ու «պատրաստակամություն հայտնել հանձնաժողովում ներգրավել նրանց ներկայացուցչին»:


