Ղազախստանը ստացել է Ռուսաստանից պատվիրած Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը։ Մատակարարված կործանիչների քանակը չի նշվում, սակայն նկարներում երևում են 09, 10 և 11 և 12 կողային համարներով ինքնաթիռները։
2017-ի դեկտեմբերին մատակարարվել էր 07 և 08 համարներով կործանիչները, իսկ 2016-ի վերջին՝ 05 և 06 համարներովը։
Ղազախստանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ կործանիչերը ձեռք են բերվել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։ Ղազախստանի պաշտպանության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության կայքից պարզ է դառնում, որ Ղազախստանին մատակարարումները հաշվարկվում են ռուսաստանյան ներքին գներով։
Ինքնաթիռներն արտադրող «Իրկուտ» կորպորացիայի փոխտնօրեն Սերգեյ Տրետյակի խոսքերով՝ ՀԱՊԿ շրջանակներում տեխնիկան վաճառվել է Ռուսաստանի զինված ուժերի համար գործող գներով։
Ոլորտը լուսաբանող հայտնի լրագրող, լուսանկարիչ Գրիգորի Բեդենկոն 2015–ին գրել էր, որ «Իրկուտի» հետ պայմանագիրը ներառում է նաև ղազախ օդաչուների պատրաստումը, տեխնիկական հսկողությունը, սպասարկումը։
Նախկինում Ղազախստանը 24 միավոր կործանիչ գնելու տարբեր պայմանագրեր է կնքել․
2014-ին 5 մլրդ ռուբլի արժողությամբ պայմանագիր է կնքվել, որով մատակարարվել է 01, 02, 03, 04 կողային համարներով 4 կործանիչներ։ (յուրաքանչյուր միավորը Ղազախստանին արժեցել է մոտ 34–35 մլն դոլլար)։ 2015-ի գարնանը մատակարարումն ավարտվել է։
Իսկ 2015 թ․ վերջին կնքվել է նոր պայմանագիր, որով Ղասախստանը ձեռք է բերել ևս 8 միավոր Սու-30ՍՄ՝ 10 մլրդ ռուբլով, կամ մոտ 20 մլն դոլլար յուրաքանչյուր ինքնաթիռի համար։
2017-ի օգոստոսին կողմերը ևս մեկ պայմանագիր են կնքել՝ 12 միավոր Սու-30ՍՄ-ի, որոնցից 8 կործանիչը պետք է մատակարարվի 2019-2020 թվականին։ Այլ մանրամասներ դեռ չկան։
Նշենք, որ ամիսներ առաջ հայտարարվեց, որ Հայաստանը, որը նույնպես ՀԱՊԿ անդամ է, պատրաստվում է գնել նույն կործանիչներից, արդեն բանակցություններ է վարում։ Այն ժամանակ Razm.info–ն փորձեց վերլուծել հնարավոր գործարքի վերաբերյալ առավել էական հարցերը, այդ թվում նաև արժեքը։ Վերլուծությունը կարող եք կարդալ այստեղ։