Զորացրված սպաները դժգոհ են կառավարության որոշումից

Այսօր կառավարությունը որոշել է 1141 զորացրված սպաներից  յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար։ Դրա համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 5 մլրդ 705 մլն դրամ։ Այնուամենայնիվ, զորացրված սպաները դժգոհ են, որովհետև օրենքով պետությունը պարտավոր է բնակարան գնելու համար տրամադրել գումարի ոչ թե մի , այլ բավարար մասը։

Տեղեկացնենք, որ կառավարության 2007թ․ 384 Ն որոշման համաձայն պետությունը զինծառայողներին պարտավոր է ապահովել «կամ անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով բնակարաններով կամ տնամերձ հողամասով բնակարան ձեռքբերելու համար անհատույց պետական ֆինանսավորումով»։

Զորացրված սպաները կառավարության այսօրվա ընդունած որոշման մասին իմացել են մամուլից ու անակնկալի եկել։ Պահեստազորի մայոր Սամվել Պարզյանը Razm.info–ի հետ զրույցում պնդում է՝ իրենց հետ այս որոշումը չի քննարկվել։

Մայորը ռազմական համալսարան ընդունվել է 1995–ին, ավարտել՝ 1999-ին և ծառայել համազորային հրամանատարի պաշտոնում 3 տարբեր զորամասերում, վերջին տարիներին էլ ավիացիայի ինստիտուտում եղել է ուսումնական վաշտի հրամանատար։

Զորացրվել է 2015-ին, 2016 թվականին սկսել է զբաղվել իրեն հասանելիք բնակտարածքի հարցով։ Ի վերջո օրեր առաջ դատարան է դիմել։ Իսկ կառավարության այս ծրագիրը չի ընդունում, չի վերցնելու 5 մլն դրամը, որովհետև չի պատկերացնում՝ ինչպես է Աշտարակում այդ գումարով բնակարան գնելու․

«Մենք չգիտենք ինչ սկզբունքով են հաշվարկելու գումարը, ոչ մեկ Երևանում 5 մլն դրամով չի կարողանա բնակարան գնել, գուցե Նոյեմբերանում մի սենյականոց, բայց ոչ ավել։ Կոնկրետ Աշտարակում, որտեղ ես եմ գրանցված, մի սենյականոց բնակարանը 17-18 հազար դոլարից պակաս չէ։ Ապրելու հարմար 2 սենյականոց բնակարանները 25 հազար դոլարից պակաս չեն։»

Զորացրված սպաները վաղը հավաքվելու են կառավարության շենքի դիմաց։ 

One response to “Զորացրված սպաները դժգոհ են կառավարության որոշումից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *