Ռուսաստանը ՀԱՊԿ–ին առաջարկում է գործընկեր երկրներ ունենալ

Ռուսաստանը փոփոխությունների բլոկ է առաջարկում ՀԱՊԿ–ի կանոնադրությունում։ Դրանցից մեկով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդում ոչ նախագահական երկիրը կկարողանա ներկայացնել երկրի փաստացի ղեկավարը՝ վարչապետը։

Օգոստոսին ՀԱՊԿ մշտական խորհրդում հայկական կողմը առաջարկել էր, որ Հայաստանը հավաքական անվտանգության խորհրդում ներկայացնի վարչապետը՝ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված։

Մեկ այլ՝ ավելի հետաքրքիր փոփոխության առաջարկ է 
գործընկեր պետությունների ինստիտուտի ձևավորումը։

Գործընկերները կլինեն այն երկրները, որոնք որոշել են համագործակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Սակայն ավելի հետաքրքրական է, որ գործընկերները, ի տարբերություն դիտորդների, պարտավորվում են մասնակցել ՀԱՊԿ գործնական միջոցառումներին։ Ենթադրում ենք, որ խոսքը վերաբերում է նաև ՀԱՊԿ զորավարժություններին։

Մինչ այս կառույցի կանոնադրության մեջ ամրագրված էր միայն դիտորդների ինստիտուտ։ ՀԱՊԿ դիտորդներն են Իրանը, Մոնղոլիան, Պակիստանը և Հնդկաստանը։

ԴԻՏՈՐԴՆԵՐ

Դիտորդները  այն պետությունները ու միջազգային կազմակերպություններն են, որոնք《հետաքրքրված են》կառույցի իրավական բազայի և գործունեության փորձի ուսումնասիրմամբ։ 

Դիտորդության հավակնող երկիրը պետք է նշի ՀԱՊԿ գործունեության այն ոլորտը, որը հետաքրքրում է իրեն, պատրաստակամություն հայտնի զերծ մնալ ՀԱՊԿ և անդամ երկրների հետաքրքրություններին վնասող քայլերից։

Չափանիշները

ՀԱՊԿ դիտորդները պետք է լինեն ՄԱԿ անդամ, հետևեն դրա կանոնադրությանը, ունենան դիվանդագիտական հարաբերություններ ՀԱՊԿ ԲՈԼՈՐ անդամների հետ, հակամարտությունների հարցերում հանդես գան դրանք խաղաղ ճանապարհով  կարգավորելու անհրաժեշտության տեսանկյունից, ներպետական, միջազգային, տարածքային և քաղաքական վեճերի կարագավորման հարցերում հետևեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, այդ թվում՝ Հելսինկի եզրափակիչ պակտով և ՄԱԿ–ի կանոնադրությամբ սահմանված։

Իրավունքները

Դիտորդը իրավունք ունի ներկա լինել թե՛ գերագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի, թե՛ այլ խորհուրդների ԲԱՑ նիստերին, սակայն իրավունք չունի մասնակցել քննարկումներին և որոշումների ընդունումներին։

Դիտորդը պարտավորություններ չի կրում մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։

Ինչպե՞ս է հաստատվում դիտորդի կարգավիճակը

Կարգավիճակ տալու, այն դադարեցնելու իրավունքը ՀԱՊԿ գերագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդինն է, որոշումը կայացվում է կոնսեսուսով։ Դիտորդի թեկնածությունը ներկայացնում է ԱԳ նախարարների խորհուրդը` համաձայնեցնելով պաշտպանության նախարարների խորհուրդի և անվտանգության խորհուրդի քարտուղարների հանձնաժողովի հետ։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է երկրի ԱԳՆ–ին բանակցությունների ընթացքում ոչ էական փոփոխություններ անել փաստաթղթերում։

One response to “Ռուսաստանը ՀԱՊԿ–ին առաջարկում է գործընկեր երկրներ ունենալ

Մեկնաբանել Էդգար ՀովհաննիսյանՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *