Հրաժարական է տվել ԱՄՆ պաշտպանության նախարարը

Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Թրամփին, պատճառաբանելով, որ իր ու նախագահի տեսակետները շատ հարցերում չեն համընկնում։

Նախարարի հրաժարականի դիմումը հրապարակվել է Պենտագոնի կայքում։

Մեթթիսը իր դիմումում նշել է, որ աշխատանքը նախարարի պաշտոնում կավարտի 2019թ. փետրվարի 28-ին՝ մինչ նախարարի նոր թեկնածուն կհասցնի առաջադրվել և ընտրվել պաշտոնում։

Նախարարը, դիմելով Թրամփին, ասել է. «Ինչպես դուք, այնպես էլ ես սկզբից էլ ասել եմ, որ ԱՄՆ զինված ուժերը չպետք է լինեն աշխարհի ոստիկանը»։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նաև Թրամփը, նշելով, որ Մեթթիսը պաշտոնավարման ավարտից հետո անցնելու է թոշակի։ 

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Մեթթիսի հրաժարականը, ասել է. «Նախագահի և նախարարի միջև հարաբերությունները լավ են, սակայն շատ հարցերում նրանք չէին կարողանում համաձայնության գալ»։ 

Նշենք, որ Ջեյմս Մեթթիսը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել է 2017թ. հունվարի 20-ին։ Նա ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ է։ 

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հրամայել էր ԱՄՆ զորքերը դուրս բերել Սիրիայի ամբողջ տարածքից, ինչը առաջացրել էր, ինչպես քրդական շրջանների, այնպես էլ սենատի անդամների անհանգստությունը։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Երփատի արևելքում նոր ռազմական գործողություններ սկսելու հայտարարությունից հետո, Թրամփի այս քայլը դիտարկվեց, որպես Էրդողանի հետ պայմանավորվածության արդյունք։ 

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ զորքերի դուրսբերման մասին լուրը շոկային է եղել ԱՄՆ դաշնակից քրդական ուժերի հրամանատարության շրջանում, ովքեր փաստացի անօգնական վիճակում կհայտնվեն թուրքական վտանգի առաջ:

Թե ինչ կլինի սիրիական Մանբիջի հարցում, որի շուրջ կա ԱՄՆ–Թուրքիա պայմանավորվածություն, դեռ հայտնի չի։ Երկու երկրների զինված ուժերը Մանբիջի շուրջ պարբերաբար իրականացնում էին պարեկային գործողություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *