2018թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 3 դեպք, բոլորը՝ ոչ մարտական։ Գրանցվել է նաև մեկ վիրավոր։
Կորուստներ
Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի Թարթառ շրջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում մահացել էր Սալյանի բնակիչ Միրմահմուդ Աղաևը (Mirmahmud Ağayev)։ Նշվում էր, որ Աղաևը զորակոչվելիս ունեցել է հիվանդություն (հավանականություն կա, որ՝ թրոմբոզ), որի մասին չեն իմացել, իսկ նոյեմբերի 11-ին զորամասում սրսկման ժամանակ սրտի կաթված է ստացել:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս զինծառայողի մահվան մասին որևէ հայտարարություն չէր արել, և այս թաքցրած կորստի մասին մենք տեղեկացել ենք դեկտեմբերի 11-ին՝ բաց աղբյուրների ուսումնասիրությունից։
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի շենքերից մեկում պայթյուն էր եղել, ինչից շենքի մի հատվածը փլուզվել էր։ Փլատակների տակ մնացած քաղաքացիների թվում եղել են նաև երկու զինծառայող, որոնցից մեկը՝ 1994 թ. ծնված Ջումա Ջումալզադե Սալեհ օղլուն (Cuma Cumalzadə Saleh oğlu) տեղում մահացել էր։
[Թարմացում] Նոյեմբերի 23–ին հիվանդությունից մահացել էր զինդատախազ, 1959թ. ծնված փոխգնդապետ Շունասի Գասիմով Իսմայիլ օղլուն (Şünasi İsmayıl oğlu Qasımov): Վերջինիս ևս հաշվում ենք ոչ մարտական կորուստների ցանկում։ [Թարմացում] (Թարմացումը՝ 2019թ. հունվարի 22–ի դրությամբ)։
Նոյեմբերի 26-ին Քյուրդեմիրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ. ծնված Ալի Սահիբ օղլու Աբբասովը (Əli Sahib oğlu Abbasov) իր մեքենայով ընկել է ջրատարը ու խեղդվել։ Մի քանի օր շարունակ Աբբասովը կորած է համարվել, սակայն շուտով գտել են նրա դին։
Նշենք, որ այս կորստի մասին ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ հայտարարություն չէր արել։
Վիրավորներ
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի շենքերից մեկի պայթյունից փլատակների տակ էր մնացել նաև Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997 թ. ծնված Օրխան Մամեդով Օքթայ օղլուն (Orxan Məmmədov Oktay oğlu), որին տեղափոխել էին հիվանդանոց. նրա վիճակը գնահատվում էր ծանր:
Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ. մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 33 զինծառայողի մասին։
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Անհայտ |
Հունվար | 3 | 1 | – |
Փետրվար | 1 | 1 | 1 |
Մարտ | 2 | – | – |
Ապրիլ | – | – | 1 |
Մայիս | 1 | 2 | – |
Հունիս | – | 2 | – |
Հուլիս | 2 | 4 | 1 |
Օգոստոս | – | 2 | – |
Սեպտեմբեր | 2 | 2 | – |
Հոկտեմբեր | – | 2 | – |
Նոյեմբեր | – | 4 | – |
Ընդհանուր | 11 | 19 | 3 |
2017թ. նոյեմբերին արձանագրել էինք Ադրբեջանի զինված ուժերի 2 ոչ մարտական կորուստ։
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Անհայտ |
Հունվար | 1 | 3 | – |
Փետրվար | 9 | 1 | – |
Մարտ | 3 | 2 | – |
Ապրիլ | 1 | 4 | 1 |
Մայիս | 1 | 3 | – |
Հունիս | 3 | 2 | 1 |
Հուլիս | 1 | 3 | – |
Օգոստոս | 0 | 5 | – |
Սեպտեմբեր | 0 | 5 | – |
Հոկտեմբեր | 1 | 3 | – |
Նոյեմբեր | 0 | 2 | – |
Դեկտեմբեր | 1 | 2 | – |
Ընդհանուր | 21 | 35 | 2 |
Հայկական զինուժի կորուստները 2018թ․ նոյեմբերին՝ այստեղ։