Թուրքիան Ֆիլիպիններին կվաճառի T129 «Աթաք» ուղղաթիռներ

Դեկտեմբերի 18-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) և Ֆիլիպինների պաշտպանության նախարարության միջև կնքվել է թուրքական T129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների վաճառքի պայմանագիր: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը:

Պայմանագիրը կնքվել է Ֆիլիպինների Վիլամոր ավիաբազայում՝ ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրի և Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենցանայի միջև: Միջոցառմանը ներկա են եղել նաև ուղղաթիռներն արտադրող Թուրքիայի ավիաշինական ընկերության (TAI) ներկայացուցիչները: 

Թե քանի միավոր ուղղաթիռ է Ֆիլիպինները պատրաստվում Թուրքիայից գնել, դեռևս չի նշվում: 

ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ բացի «Աթաք» ուղղաթիռներից, պատրաստվում են Ֆիլիպիններին վաճառել նաև անօդաչու թռչող սարքեր, Milgem ծրագրի շրջանակներում կառուցված նավեր և այլն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ՊԱԳՎ առաջին ընդլայնված նիստի ընթացքում Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ «Աթաք» ուղղաթիռը շուտով վաճառելու են հեռավորարևելյան մի երկրի: 

Ինչպես ենթադրել էինք, այդ երկիրը Ֆիլիպիններն էր, որի պաշտպանության նախարար Դելֆին Լորենցանան հայտարարել էր, որ իրենք նախատեսում են Թուրքիայից գնել 8-10 միավոր «Աթաք» ուղղաթիռներ։ Նախարարը նշել էր, որ ի սկզբանե նախատեսվում էր գնել 24 միավոր, սակայն փողի պակասի պատճառով առայժմ ավելի քիչ քանակով ուղղաթիռ կգնեն։

Հավելենք, որ այժմ Թուրքիան Պակիստանի հետ ունի 30 «Աթաք» ուղղաթիռ վաճառելու պայմանագիր: Ֆիլիպինները «Աթաք» հարվածային ուղղաթիռների երկրորդ օտարերկրյա գնորդն է:

T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *