Թուրքիայում ձերբակալում են ռազմարդյունաբերական ընկերությունների աշխատողների և 219 զինվորականի

Դեկտեմբերի 14-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը լիազորել է Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպություն» համարվող Գյուլենականների հետ կապի համար ձերբակալել ևս 219 զինվորականի, որից 4-ը՝ գնդապետ։ Իսկ Անկարայի դատախազությունը, նույն մեղադրանքով, լիազորել է ձերբակալել Թուրքիայի արդյունաբերական կազմակերպությունների և այլ հասարակական մասնավոր ընկերությունների 48 աշխատակցի։ Այս մասին հայտնում է (1) թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ մեղադրվող 219 զինվորականներից 89–ը Թուրքիայի ցամաքային ուժերից են, 31–ը՝ ռազմաօդային ուժերից, 85-ը՝ ռազմածովային, 11-ը՝ Ժանդարմերիայից, 3-ը՝ առափնյա անվտանգության ուժերից։

Նրանց մեղադրում են գումարի դիմաց Գյուլենականներին տեղեկություններ տալու համար։

Իսկ Անկարայի դատախազությունը լիազորել է ձերբակալել Թուրքիայում ռազմարդյունաբերական ընկերությունների, ինչպիսիք են՝ «Ասելսան», «Հավելսան», «Թուրքիայի ավիաշինական ընկերության» (TAI), ինչպես նաև պետական ռազմարդյունաբերական գլխավոր վարչության (ՊԱԳՎ) ու Թուրքիայի գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBITAK) 48 աշխատակցի, որից միայն 24-ը՝ «Ասելսան» ընկերությունից։

Նրանք նույնպես մեղադրվում են Գյուլենականների հետ կապի համար։ Նշվում է, որ նրանք տարբեր տեղեկություններ են հայտնել Գյուլենականների ղեկավարությանը, ինչպես նաև կազմակերպության անունից կապեր են հաստատել ինժեներների հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2016թ․ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո սկսվեց զինվորականների ձերբակալություններ, որոնք մեղադրվում են հեղաշրջման կազմակերպիչների հետ կապի համար։

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը իր «ահաբեկչական բջիջներն» է ստեղծել ուժային կառույցներում և իրականացրել հեղաշրջման փորձը:

Այս տարի նոյեմբերի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ 2016թ․ հուլիսի 15–ից մինչ օրս Թուրքիայի զինված ուժերից ձերբակալալվել է 15 հզ 153 զինվորական, ևս 323-ը հեռացվել է զինված ուժերից։ Այս հեռացումների հետևանքով մեծապես տուժել է Թուրքիայի զինված ուժերի սպայական կազմը։ Սպաների պակասը լրացնելու համար Թուրքիայում մի քանի անգամ հայտարարել են ընդունելությունների մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *