Այսօր կառավարության առջև ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողները հանդիպել են Սեյրան Օհանյանին. հանդիպումը հարթ չի անցել: ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում է իրականացրել: Ադրբեջանական կողմն այսօր ևս խոսել է շփման գծում իրենց զինվորի մահվան մասին, որը հերքել է ԼՂՀ ՊԲ մամլո պատասխանատուն: Իսրայելում անհանգստացած են ռուսական զենքի՝ Սիրիա առաքվելու պատճառով: Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռադարը վերահսկելու է Ռուսաստանի զգալի մասը:
Հայաստանյան լուրերից.
- Կառավարության շենքի դիմաց՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների մայրերից Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Օհանջանյանը, դիմել է Սեյրան Օհանյանին՝ ասելով, որ փորձաքննության արդյունքներով որդին չի էլեկտրահարվել: Ըստ նախնական վարկածի՝ Տիգրանը մահացել էր էլեկտրահարումից: Նախարարը խոստացել է կատարել Գոհար Օհանջանյանի պահանջը՝ ընդունել նրան: Նախարարի հեռանալուց հետո կնոջ ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց: Լուրը նաև՝ panorama.am, haynews.am կայքերում:
- ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ, որն անցել է առանց խախտումների: Լուրը նաև՝ panorama.am-ում:
- ԼՂՀ ՊԲ-ն հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի, հրադադարի խախտման հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել:
Տարածաշրջանային լուրեր՝
- Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանն անհանգստություն է հայտնել ռուսական «Յախոնտ» թևավոր հրթիռների՝ Սիրիային փոխանցելու առթիվ: Նա նշել է, որ այդ քայլը կարող է բացասական հետևանքներ ունենալ:
- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի ժամանակ անհանգստություն է հայտնել, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայում տեղակայել ռադար, որը վերահսկելու է Ռուսաստանի զգալի մասը: Իսկ նման՝ ԵվրոՀՀՊ ռադիոլոկացիոն համակարգի տեղակայման մասին որոշում կայացվել էր սեպտեմբերի կեսերին՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքված հուշագրով. ռադարը տեղակայվելու է ներկայիս Թուրքիայի Մալաթիա նահանգի Քյուրեջիկ գավառում: