Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) մանրամասներ է հայտնել տեղական «Ալթայ» տանկերի արտադրությունից` նշելով, որ թուրք–կատարական BMC ընկերությունը նախատեսում է արտադրել տանկի երեք՝ T1, T2, T3 տարբերակ։ Այս մասին գրում է բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսը։
BMC ընկերության հետ նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով նախատեսվում էր արտադրել 250 միավոր «Ալթայ» տանկ, որից 40–ը ընկերությունը նախատեսում է արտադրել T1 տեսակի, 210-ը՝ T2։ Այժմ նշվում է, որ արտադրվելու է ևս 1 միավոր T3 տեսակի տանկ։
Ըստ աղբյուրի՝ T1 տարբերակը լինելու է տանկի մինչ այսօր ներկայացված նախատիպերին համապատասխան ու հնարավոր է Թուրքիայի զինված ուժերին մատակարարվի 2021թ․։
T2 տեսակը ապահոված է լինելու ավելի բարձր անվտանգությամբ և իրավիճակի իրազեկման կատարելագործված համակարգերով։ Նախատեսվում է T2 տեսակի տանկերը մատակարարել T1–ի ձեռքբերումից կարճ ժամանակ անց։
T3 տեսակի ընդամենը 1 միավոր տանկը կունենա առանց օպերատորի աշտարակ և ամրակցված մասով ինքնալիցքավորիչ։ Նշվում է, որ T3 «Ալթայ»–ը հավանաբար չի մատակարարվի Թուրքիայի զինված ուժերին, այլ պարզապես կօգտագործվի փորձարկումների համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության և թուրք-կատարական BMC ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել էր «Ալթայ» տանկերի սերիական արտադրության պայմանագիր։
Ընկերության տնօրենը նշում էր, որ պայմանավորվածություն է եղել տանկերը ստեղծել 100 տոկոս տեղական մասերից, այդ թվում՝ շարժիչը։
Սակայն ուշագրավ է, որ ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը նշել է, որ տանկի առաջին նախատիպը կունենա արտասահմանյան շարժիչ, իսկ ամբողջությամբ տեղական արտադրությունը նախատեսված է հետագայում։ Թե արտասահմանյան որ ընկերության շարժիչը կլինի դա, չի նշվում։
Ամենայն հավանականությամբ տանկերը հետագայում զանգվածային արտադրության կդրվեն BMC ընկերության դուստր ձեռնարկություն BMC Power-ի տեղական արտադրության շարժիչներով, որոնց միայն նախատիպերը ընկերությունը նախատեսում է ներկայացնել 68 ամսից (~5,5 տարի)։
2018թ․ հունիսին ընկերությունը սկսել է «Ալթայ» տանկերի համար ուժային խմբի ստեղծման ծրագիրը։ Նախատեսվում է այս տանկերի համար ստեղծել 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչներ։ Ծրագրի ավարտից հետո միայն ՊԱԳՎ-ի հետ քննարկվելու է սերիական արտադրությունը։