Չինաստանը Ռուսաստանից ստացել է 2015-ին պատվիրած Սու–35 բազմաֆունկցիոնալ կործանիչների վերջին խմբաքանակը՝ դրանց թիվը երկրի ավիապարկում դարձնելով 24։Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվակայքը։
Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ կործանիչները Չինաստանը ստացել է 5 խմբաքանակով․
- Առաջին խմբաքանակը (4 միավոր) –2016-ի դեկտեմբերի 25-ին
- Երկրորդ խմբաքանակը (5 միավոր) – 2017-ի հուլիսի 3-ին
- Երրորդ խմբաքանակը (5 միավոր) – 2017-ի նոյեմբերի 30-ին
- Չորրորդ խմբաքանակը (5 միավոր) – 2018-ի հունիսին
- Հինգերորդ խմբաքանակը (5 միավոր) – 2018-ի աշնանը
Այսպիսով՝ կործանիչները Չինաստանը ստանում է դրանց օդ բարձրանալուց տասը տարի անց։ Եվ հենց 2008 թվականին էլ՝ չինական Airshow China-2008 ցուցահանդեսին, Չինաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ–գնդապետ Սյու Ցիլյանը ծանոթացել էր կործանիչին։ 2011-ին Չինաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դիմել էր Սու-35 գնելու առաջարկությամբ։ 2012-ին երկրները ստորագրել էին նախնական համաձայնագիր, իսկ 2015-ին՝ բուն պայմանագիրը։
Պայմանագրի ստորագրումը տևել էր 3 տարի, քանի որ ՌԴ-ն մտավախություն ուներ, որ Չինաստանը կարող է պատճենել գնված կործանիչների սարքավորումներն ու համանման ինքնաթիռների արտադրություն հիմնել։
Այդ ընթացքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վկայել էր՝ Սու-35 կործանիչների պայմանագիրը Չինաստանի համար կլինի ոչ թե արտոնագրային, այլ զուտ վաճառքի։ Դա նշանակում էր՝ Չինաստանը ստանալու է պատրաստի կործանիչներ՝ առանց դրանք իր տարածքում արտադրելու իրավունքի։
Պայմանագիրը գնահատվում է 2,5 մլրդ դոլարից ոչ քիչ: Այն, 24 միավոր կործանիչից բացի, ներառում է նաև ցամաքային սարքավորումներ և պահեստային շարժիչներ: Սու-35 կործանիչները, բացի արտադրող Ռուսաստանից, շահագործում է միայն Չինաստանը։
Սու-35 կորչանիչներն արտադրվում են «Սուխոյ» ընկերության գործարաններում։ Այն Սու-27-ի արդիականացված տեսակն է։ Թևերի բացվածքը 14,75 մ է, բարձրության վրա առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի հեռահարությունը՝ 4500 կմ։ Զինված է 30 մմ տրամաչափի ԳՇ-30-1 ավիացիոն թնդանոթով ու հրթիռներով, մարտական բեռնվածությունը՝ 8000 կգ։