Հնդկաստանը Ռուսաստանից 4 ֆրեգատ է գնում․ 2-ը կկառուցվի Հնդկաստանում

Ռուսաստանը և Հնդկաստանը վերջնական ստորագրել են 11356 դասի 4  ֆրեգատի արտադրության պայմանագիրը։ Նավերը կկառուցվեն 2+2 ֆորմատով՝ երկուսը Հնդկաստանում, երկուսը՝ Ռուսաստանում։

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ ուսումնասիրվում է նավաշինական տեխնոլոգիաների փոխանցման հարցը, որովհետև Հնդկաստանը փորձում է զենքի ձեռքբերման պայմանագրերը կնքել երկրի ներկայիս իշխանության “Make in India” («Ստեղծի՛ր Հնդկաստանում») նախաձեռնության շրջանակներում։ Այս հարցի շուրջ բանակցությունների պատճառով պայմանագրի ստորագրումը ձգձվում էր։

Նախատեսվում է, որ հնդկական Goa Shipyard Limited (GSL) ընկերությունը 2 նավը պատրաստ վիճակով կհանձնի 2027-ին։

«ՏԱՍՍ»–ը նաև հայտնում է, որ ռուսական կողմից նավը կառուցելու է «Յանտար» նավաշինական ընկերությունը։ Սակայն ռազմական թեմաներով մասնագիտացած BMPD բլոգի տեղեկություններով՝ հնարավոր է, որ Հնդկաստանի համար ոչ թե նոր նավեր կառուցվեն, այլ փոխանցվեն Ռուսաստանի համար 2013 թվականից կառուցվող «Ադմիրալ Բուտակով» և «Ադմիրալ Իստոմին» նավերը։ Երկու նավի շինարարությունն էլ նախատեսվում է ավարտել 2020-ին։ Այս ամենով պայմանավորված հնարավոր է՝ փոխվի նաև պայմանագրի արժեքը, որը այս պահին գնահատվում է 2,2 մլրդ դոլար։

Միջկառավարական համաձայնագիրը, որով նախատեսվում էր Հնդկաստանի համար 11356 դասի 4 ֆրեգատ կառուցել, երկրները կնքել են միջկառավարական համաձայնագիր։

11356 նախագծի ֆրեգատները նախատեսված են սուզանավերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և օդային հարձակումներին դիմագրավելու համար։ Ֆրեգատների ջրատարողունակությունը կազմում է 3600 տոննա, արագությունը՝ 30 հանգույց, նավարկության հեռահարությունը՝ 4800 մղոն։

1999-2013թթ․ Ռուսաստանում կառուցվել և Հնդկաստանի ԶՈւ-ին է մատակարարվել 11356 դասի 6 ֆրեգատ։ Ֆրեգատներից 3-ը կառուցվել են «Յանտար» նավաշինական գործարանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *