Պենտագոնը F-35–երի մասին զեկույցը ներկայացրել է ԱՄՆ կոնգրես

F-35–երի ծրագրին Թուրքիայի մասնակցության մասին զեկույցը Պենտագոնը արդեն ուղարկել է ԱՄՆ կոնգրես՝ քննարկման։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

Reuters գործակալության հետ հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլեն Լորդը նշել է, որ Թուրքիայի Ս–400 համակարգերի գնման միտքը խնդրահարույց էր։ ԱՄՆ մի քանի պաշտոնյաներ քննարկել են խնդիրը Թուրքիայի հետ, սակայն, ինչպես երևում է Թուրքիան մտադիր չէ իր որոշումը փոխել։

«Զեկույցը ավելի շատ ներկայացնում է մեր ունեցած փաստերը, քան առաջարկում խնդրի լուծման տարբերակներ ․․․ Մենք որոշում կայացնելու համար պետք է աշխատենք Կոնգրեսի հետ։ Մենք առավելագույնս համագործակցելու ենք Կոնգրեսի հետ այնքան ժամանակ, մինչև խնդիրը չլուծվի ․․․ »,– ասել է Լորդը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն Թուրքիայի ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար արգելափակել էր  F–35-երի մատակարարումը Թուրքիա այնքան ժամանակ, մինչև Պենտագոնը 90–օրյա ժամկետում կներկայացնի զեկույց Թուրքիայի F-35–երի ծրագրի մասնակցության մասին։ Զեկույցի ժամկետը լրանում էր նոյեմբերի 13–ին։

Թեպետ Պենտագոնի զեկույցը դեռ չէր ներկայացվել, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերին հայտարարեց, որ 2019թ․ մարտին Թուրքիային կմատակարարվի 2 միավոր F-35 կործանիչ, իսկ ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի տեղակայումը Թուրքիայում կսկսի 2019թ․ հոկտեմբերին։

Հավելենք, որ Թուրքիան 2017թ․ դեկտեմբերին պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերը գնելու համար։ Այդ ընթացքում ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն սկսեցին մտահոգություններ հայտնել Թուրքիային ռուսական համակարգերը չգնելու համար, նշելով, որ դա կարող է ազդել Թուրքիա–ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

Թուրքական կողմը բազմիցս նշում էր, որ Ս-400–ներն անհրաժեշտություն են, քանի որ ՆԱՏՕ–ն չի կարող ամբողջությամբ պահել Թուրքիայի օդային տարածքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *