Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում 2018թ․ ամռանը սկսած «ահաբեկչական գործողությունների» համար ձերբակալվել է ավելի քան 60 մարդ, իսկ 5-ը չեզոքացվել է զինված դիմադրություն ցույց տալու ժամանակ։
Այս մասին նոյեմբերի 14-ին Բիշքեկում կայացած թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսի 21–րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գուլիևը նշել է, որ «ահաբեկիչները» ավելի ակտիվացել են այս տարվա հունիսից։ Ըստ նրա՝ այս մարդիկ «ծայրահեղ իսլամիստական» խմբի անդամներ են։
Հիշեցնենք, որ հուլիսի 3–ին Գյանջայում մի քանի զինված անձինք մահափորձ էին իրականացրել Գյանջայի քաղաքապետի վրա։ Այս գործով ձերբակալվեց Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովը, որին Ադրբեջանը կրկին ներկայացնում էր որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամ։ Մեկ շաբաթ անց, ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի Գյանջայում մոտ 200-300 հոգի ցույցեր արեցին, որոնց ժամանակ ծեծելով սպանեցին երկու փոխոստիկանապետի։ Ցույցերի մասնակիցները ևս ներկայացվել էին որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամներ։
Ավելի ուշ՝ ահաբեկչական գործողությունների մեղադրանքով եղան մի շարք ձերբակալություններ և սպանություններ։