Նոյեմբերի 9-ին, երեկոյան ժամը 17։00-ին մոտ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում ռազմաբազայի պայթյուններից մահացել է 7 զինծառայող, վիրավորվել՝ 25-ը։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է թուրքական Haberturk լրատվակայքը։
Էրդողանը նշել է, որ վիրավորներից 4-ը ծանր վիճակում են և տեղափոխվել են Անկարա։
Առայժմ վարկած կա, որ պատճառը եղել է ծանր սպառազինության ռազմամթերքի պայթյունը։ Այժմ տարվում է քննություն ստույգ պատճառը հայտնաբերելու համար։
Երեկոյան դեպքի վայր են գնացել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը և երկրորդ բանակի հրամանատար Մեթին Թեմելը։
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ պայթյունի հստակ պատճառը դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ուժային կառույցներում աճում է նաև ոչ մարտական կորուստների քանակը:
Հաքքարի նահանգը Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Թուրք ուժայինները այդ նահանգում պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում: