Նոյեմբերի 9-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել 103 գործող զինվորականների` Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպություն» համարվող Գյուլենականների («FETÖ») հետ կապի համար։
Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը։
Նշվում է, որ 103 զինվորականների թվում են 2 գնդապետ, 2 փոխգնդապետ, 6 մայոր, 14 կապիտան, 21 ավագ լեյտենանտ, 7 լեյտենանտ, 47 ենթասպա և 4 փորձագետ։
Ոստիկանությունը գործողություններ է իրականացրել 32 նահանգում, որտեղից առայժմ ձերբակալել է 74 անձի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորականների ձերբակալությունը սկսել է 2016թ․ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո։
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը իր «ահաբեկչական բջիջներն» է ստեղծել ուժային կառույցներում և իրականացրել հեղաշրջման փորձը: Ձերբակալվում են բոլոր այն զինվորականները, ովքեր կասկածվում են Գյուլենի հետ կապի համար։
Նոյեմբերի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ 2016թ․ հուլիսի 15–ից մինչ օրս Թուրքիայի զինված ուժերից ձերբակալալվել է 15 հզ 153 զինվորական, ևս 323-ը հեռացվել է զինված ուժերից։ Այս հեռացումների արդյունքում մեծապես տուժել է Թուրքիայի զինված ուժերի սպայական կազմը։ Սպաների պակասը լրացնելու համար Թուրքիայում մի քանի անգամ հայտարարվել են ընդունելություններ։