Ադրբեջանի՝ ՌԴ-ից սպառազինության գնումների նոր մանրամասներ

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի՝ Ադրբեջանին շուրջ 700 մլն դոլարի սպառազինության վաճառքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Milkavkaz.net ֆորումում հունիսի 15-ին տեղադրվել էին հունիսի 26-ի Բաքվի զորահանդեսին ցուցադրվելիք, Ռուսաստանից գնված որոշ ռազմական տեխնիկայի լուսանկարներ, որոնք տեղ են գտել նաև Ռազմինֆոյում։

Ռուսաստանի ռազմական արդյունաբերության երկու սեփական աղբյուրներին հղելով՝ «Վեդոմոստին» հաստատում է, որ բոլոր լուսանկարներն իրական էին և արտացոլում էին ՌԴ-ի տրամադրած տեխնիկայի միայն մի մասը։

152մմ «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգերը։

152մմ «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր

Համաձայն նույն աղբյուրի՝ Ադրբեջանը Ռուսաստանի պայմանագիր է կնքել՝ 94 միավոր Տ-90Ս տանկեր, 100 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, 18 միավոր «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգ, 18 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 միավոր «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգ և 6 միավոր «Բուռատինո»-ի նոր, մոդեռնիզացված տարբերակի՝ «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետի ձեռքբերելու վերաբերյալ։

Աղբյուրը վկայում է, որ այս ամենի հետ Ադրբեջանը գնել է զրահապատ, վերանորոգող-տարհանող ԲՌԵՄ-1Մ մեքենաներ ու Տ-90-ի հիմքի վրա ԻՌՄ-3Մ ինժեներական մեքենաներ, իսկ «Սմեռչ»-ին կից՝ բոլոր սպասարկող ու կրակի կառավարման սարքավորումներ։ Ընդ որում, Տ-90Ս տանկերը գնվում են ուղեկցող առավել առաջադեմ սերիական համակարգով, որն ընդգրկում է «Շտորա» օպտիկական-էլեկտրոնային ճնշման համակարգ, օդորակիչ և թիրախին նշանառության ավտոմատ համակարգ: Պայմանագրով Ադրբեջանը կարող է հետագայում ձեռք բերել նաև Տ-90Ս-ի նոր խմբաքանակ։

ՌԴ ՊՆ-ում «Վեդոմոստիի» աղբյուրը հաստատում է՝ գործարքը 700 մլն ԱՄՆ դոլարից պակաս չէ, հնարավոր է նաև 1 մլրդ դոլար արժենա։
«Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչները հրաժարել են մեկնաբանություններից, հարցը չեն պարզաբանել նաև Ադրբեջանի ՊՆ-ում։

Սա Ադրբեջանի ու Ռուսաստանի՝ սպառազինության առքուվաճառքի առաջին նշանակալից պայմանագիրը չէ. 2010-2011-ին կնքվել ու մասամբ իրականացվել են Ադրբեջանին 2 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգի, «Տոռ-2ՄԷ» զենիթահրթիռային կոմպլեքսի մի քանի մարտկոց, 60 միավոր Մի-17 և 24 նմուշ Մի-35Մ հարվածային ուղղաթիռների տրամադրումը՝ ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար արժողությամբ։

Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ ադրբեջանական կայքերում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ իրենք այլևս զենք-զինամթերք չեն գնելու ՌԴ-ից, ավելին՝ Ադրբեջանն իբր հրաժարվում է Տ-90Ս տանկերի, զենիթահրթիռային համակարգերի ու փրկարարական ուղղաթիռների գնման նախնական պայմանավորվածությունից։ Որպես պատճառ՝ նշվում էր այն, որ ռուսական կողմը կտրականապես բացառել էր Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման համար նոր, շատ ավելի բարձր գին վճարելը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *