Որևէ բաց աղբյուր չի հաստատում Ադրբեջանին իտալական ինքնաթիռների վաճառքը

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ռուսական լրատվական–բլոգային հարթակներից մեկին, լուր էին տարածել, որ «Ադրբեջանը Իտալիայից գնել է 10 միավոր M-346 ուսումնամարզական ինքնաթիռ և պատվիրել է ևս 15-ը»: Այնուամենայնիվ, մենք պարզեցինք, որ այս տեղեկությունը որևէ հիմնավոր աղբյուր չունի։

Տեղեկության տարածման հաջորդ օրն էլ ադրբեջանցի վերլուծաբան Իլգար Ղուրբանովը նույնի մասին գրեց ամերիկյան հեղինակավոր Jamestown հետազոտական կենտրոնի կայքում, հղում անելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններին, որոնցում, սակայն, որևէ խոսք չկա ինքնաթիռների ձեռքբերման մասին։

Նշենք, որ հնարավոր գործարքի մասին խոսակցությունները սկսեցին 2017 թ. մայիսի 10-ից, երբ Ադրբեջանում երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ցուցադրեցին M-346 ուսումնամարտական ինքնաթիռը: Սակայն ինքնաթիռների ձեռքբերման մասին ոչ մի խոսք չկար:

Ավելին՝ բաց աղբյուրներում գործարքի կայացած լինելու մասին առաջին պնդումը հենց ռուսաստանյան վերոնշյալ կայքի նյութն է: Հոդվածում գնման մասին տեղեկության աղբյուրը չի հիշատակվում: Կարևոր է նշել, որ հեղինակը ինքնաթիռաշինության և ռազմական ավիացիայի ոլորտը մասնագիտորեն լուսաբանող Վալերիյ Ագեևն (Валерий Агеев) է։ Տեղեկության սկզբնաղբյուրը պարզելու համար մենք կայքի ներկայացուցչի միջոցով կապվեցինք հեղինակի հետ և պատասխան ստացանք, որ իր աղբյուրը Վիքիպեդիան է: Հատկանշական է, որ Վիքիպեդիայում իրենց հերթին հղում են անում ինքնաթիռների ցուցադրման մասին 2017 թ․ նորությանը, որտեղ դրանց ձեռքբերման մասին կրկին ոչ մի խոսք չկա:

Բացի այդ, ինքնաթիռներն արտադրող իտալական Leonardo ընկերության՝ մինչև 2018 թ. հունիսի 30-ի հաշվետվություններում չի հանդիպում գործարքի որևէ հիշատակում: Հարկ է նշել, որ նմանատիպ այլ պայմանագրերն ընկերության հաշվետվություններում մանրամասն լուսաբանվում են (ընդհուպ մինչև քանի ուղղաթիռ կամ ինքնաթիռ են արդեն արտադրել այս կամ այն պայմանագրի շրջանակներում, և քանիսն է մնում արտադրելու)։

Ի լրումն՝ իտալական լրատվակայքերից մեկում 2018 թ․ փետրվարին պատմում են ֆինանսական խնդիրներ ունեցող Leonardo-ի ներկայացուցչի պրեզենտացիայի մասին, որում նշվել է. որ ի թիվս այլ երկրների Ադրբեջանին M-346 ինքնաթիռներ վաճառելու հեռանկարներ կան: Կարելի է եզրակացնել, որ, ըստ դրա, առնվազն ս. թ. փետրվարի դրությամբ գործարքը դեռևս կայացած չի եղել:

Այնուամենայնիվ, չնայած վերոնշյալ փաստարկներին, ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը եթե ոչ հիմա, այլ ապագայում չի կարելի լիովին բացառել, քանի որ «Լեոնարդո» ընկերության և Ադրբեջանի միջև համագործակցության փորձ կա, եղել են նաև երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ:

Օրինակ՝ 2012 թ. Ադրբեջանին է վաճառվել 7 միավոր AW139 և 2 AW189 քաղաքացիական ուղղաթիռ: 2017-ին «Լեոնարդոյի» և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջև կնքված պայմանագրով իտալական ընկերությունը պետք է ապահովի «Հարավային գազային միջանցք» նախագծի ֆիզիկական և կիբերանվտանգությունը: Ըստ էության սա եղած սերտ հարաբերությունների լուրջ ցուցիչ է:

[Լրացում] Ադրբեջանում սեպտեմբերին անցկացված ADEX-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Leonardo-ի վաճառքի տնօրեն Ֆրանչեսկո Մոլինարին ադրբեջանական ռազմական լրատվակայքերից մեկին հայտնել էր, որ M-346 ինքնաթիռների ձեռքբերման շուրջ ընթանում են բանակցություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *