Հոկտեմբերի 10-ին ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված հուշագրով Իդլիբից ընդդիմադիր ուժերի ծանր սպառազինության, տանկերի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, զենքերի և ականանետերի դուրսբերման աշխատանքները։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը։
Հուշագրի շրջանակներում հաջորդ քայլը պետք է լինի մինչև հոկտեմբերի 15-ը այստեղ ապառազմականացված գոտի ստեղծելը, որտեղ պետք է պարեկային ծառայություններ իրականացնեն Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Սոչիում հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման ընթացքում քննարկվել էր Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ավարտին երկու երկրների միջև կնքվել էր հուշագիր, ըստ որի նախատեսվում էր՝
- Իդլիբում, մինչև հոկտեմբերի 15-ը, Սիրիայի զինված ուժերի և ընդդիմադիր ուժերի միջև սահմանին 15-20կմ խորությամբ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին երկու նախագահների որոշումը։
- Թուրքիայի նախագահի առաջարկությամբ հոկտեմբերի 10-ին այդ տարածքից պետք է դուրս բերվի ընդդիմադիր խմբավորումների ծանր սպառազինությունը, տանկերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, զենքերը և ականանետերը։
- Պետք է ստեղծվի տրանզիտային կապ Հալեպ-Լաթաքիա և Հալեպ-Խամա ճանապարհներով, ամենաուշը՝ մինչև 2018թ վերջ։
- Այդ ապառազմականացված գոտում թուրքական զինված ուժերը և ռուսական ռազմական ոստիկանությունը իրականացնելու են անկախ պարեկային գործողություններ։