Հոկտեմբերի 9–ի առավոտյան Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Իչնյայի շրջանում տեղակայված 6–րդ զինապահեստի տարածքում պայթյուն է եղել, ինչից հետո սկսվել են հրդեհներ և պայթյուններ: Այս մասին հայտնում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարություններից։
Նշվում է, որ զինապահեստում ժամը 16։00–ի դրությամբ հանգցվել է 5 հրդեհ։ Իչնյայի և Պրիլյուկիի շրջանից տարհանվել է 12 հզ բնակիչ, փակվել է օդային և ցամաքային տրանսպորտը։ Այժմ որևէ տեղեկություն չկա զոհի կամ վիրավորի մասին։
Զինապահեստի տարածքը շուրջ 682,6 հա է, որից տեխնիկական մասը 402 հա է։ Ուկրաինայի ԱԻՆ–ը հայտարարել էր, որ այս զինապահեստում պահվում էր 88 տոննա զինամթերք, սակայն պաշտպանության նախարարությունը հերքել էր տվյալ տեղեկությունը։ Այժմ ԱԻՆ–ը հանել է այդ հայտարարությունը, իսկ զինամթերքի հստակ քանակի մասին որևէ տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում զինապահեստի խոշոր պայթյուն եղել էր 2017թ․ սեպտեմբերի 27-ին, ինչից ոչնչացվել էր 32 հզ տոննա զինամթերք։