Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի խորհրդարանը որոշում է ընդունել ևս 1 տարով երկարացնելու երկրից դուրս՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատը։
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Մանդատը երկարացվել է մինչև 2019թ․ հոկտեմբերի 30-ը։
Այս մանդատով՝ Թուրքիայի զինված ուժերը իրավունք են ստանում «երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման, հակաահաբեկչական պայքարի, Իրաքի և Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների հարձակումները խոչընդոտելու նպատակով» Թուրքիայի տարածքից դուրս գործողություններ իրականացնել և սեփական տարածքը տրամադրել այլ պետություններին:
Հիշեցնենք, որ Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում 2018թ․ հունվարի 20-ից սկսեցին իրականացնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, իսկ մարտի 18-ին արդեն հայտարարվեց թուրքական զինված ուժերի կողմից սիրիական Աֆրինի գրավման մասին։
Իսկ 2016թ․ օգոստոսից մինչև 2017թ․ մարտը Թուրքիան Սիրիայում իրականացրեց «Եփրատի վահան» գործողությունը և արդյունքում կարողացավ գրավել 2000 քառ․ կմ տարածք Սիրիայի հյուսիսում։
Այժմ՝ Թուրքիան, սկսած 2007թ․–ից, ռազմական գործողություններ է իրականացնում Իրաքի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) պատկանող ճամբարների վրա, դրանք հայտարարելով ահաբեկչական։
Ինչպես նաև, այս տարի սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը պայմանագիր ստորագրեցին, որով սիրիական Իդլիբի շրջանում մինչև հոկտեմբերի 15-ը պետք է ստեղծվի ապառազմականացված գոտի, որտեղ պարեկային ծառայություններ են անելու Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը։