Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև F-35-երի ծրագրի ղեկավարի օգնական, փոխ-ծովակալ Մեթ Ուինթերը հայտնել է, որ F-35-երի ծրագրում որևէ փոփոխություն չի եղել և դրանցից երկու միավոր նախատեսվում է Թուրքիա մատակարարել 2019թ․ մարտին։
Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը։
Ուինթերը, հիշեցնելով ԱՄՆ 2019թ․ պետբյուջեում այն մասը, որտեղ ասվում էր, որ F-35-երը Անկարային չեն մատակարարվի այնքան ժամանակ, մինչև Պենտագոնը 90-օրյա ժամկետում Թուրքիային չուղարկի F-35-երի ծրագրում Թուրքիայի մասնակցության մասին զեկույցը, նշել է․
«․․․100 կործանիչի մատակարարման ծրագրի մեջ ոչ մի փոփոխություն չկա․․․[Պենտագոնի խմբ․ Ռազմինֆո] զեկույցի համար ապահովել ենք տեխնիկական և ծրագրին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, 90 օրվա մեջ այն կներկայացվի․․․»։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ-ն արգելափակեց այս կործանիչների մատակարարումը Անկարային, մինչև Պենտագոնը չներկայացնի իր զեկույցը՝ 90 օրում։ Թուրքական կողմը նույնիսկ հայտարարեց, որ F-35-երի ծրագիրը միայն ԱՄՆ–ինը չէ, այլ միջազգային բազմակողմ ծրագիր է, որում ներգրավված է 10-12 երկիր, և մատակարարումը չիրականացնելու դեպքում Թուրքիան կարող է դատի տալ ԱՄՆ-ին։
Հավելենք, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությանը նպաստում է երկու գործոն․
- Թուրքիայում ձերբակալված է մնում ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը, որի առաջիկա դատը հոկտեմբերի 12-ին է, և նրան կարող է սպառնալ 35 տարվա ազատազրկում։
- Թուրքիան Ռուսաստանից գնել է Ս-400 ՀՕՊ համակարգեր և սպասում է դրանց մատակարարմանը՝ 2019թ․։ Իսկ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պարբերաբար դեմ են արտահայտվել այս համակարգերի գնմանը։
ԱՄՆ-ն քահանային բաց չթողնելու համար պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարների նկատմամբ, ինչպես նաև բարձրացրել է Թուրքիա մատակարարվող ալյումունի և պողպատի մաքսատուրքերը։ Սրան ի պատասխան Թուրքիան ևս պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ ներքին գործերի և արդարադատության նախարարների նկատմամբ և ԱՄՆ դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային դատարան։