Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է անում ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությանը ներգրավված է ավելի քան 1000 զինծառայող և ավելի քան 200 միավոր զինտեխնիկա, այդ թվում ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ և Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ռուսաստանից մասնակցում է ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայից երկու գումարտակ։
Զինծառայողները երթով հասել են զորավարժարան, ճանապարհին ետ են մղել պայմանական հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբերի գրոհները, ավիացիոն հարվածների հակազդեցությունների առաջադրանքներ են արել, մշակել են հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք կիրառելու դեպքում անհրաժեշտ գործողությունները։
Վարժանքները անցկացվելու են մինչև հոկտեմբերի 14-ը։
Միացյալ զորախմբի հրամանատարը գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն է։
Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:
Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
ՀՀ պաշտպանության նախարարը 2016թ. նոյեմբերին նշել է, որ տարածաշրջանում կայունության պահպանման առումով խնդրահարույց են նաև Ադրբեջանի գործողությունները։ Այդ սպառնալիքները ստիպում են, որպեսզի հայ-ռուսական միացյալ զորախումբն ուշադրության կենտրոնում պահի մի քանի ուղղություն, այդ թվում՝ ոչ միայն «նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս», ինչպես որ ավանդաբար եղել է։
Ավելի ուշ՝ նույն տարվա դեկտեմբերին, Վիգեն Սարգսյանը վրացական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել Վրաստանի դեմ:
Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի և Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ: Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից:
Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ: Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին: