Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի հարավային մասում՝ «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկների հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2018» զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
«Զորավարժության գլխավոր նպատակը ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի տեղաբաշխումն ապահովելուն ուղղված հետախուզության հարցերի մշակումն է։ Գործնական վարժանքների ընթացքում զինծառայողները իրականացնելու են արբանյակային, օդային, ռադիոէլեկտրոնային և այլ տեսակի հետախուզության աշխատանքներ»,- նշվում է հայտարարության մեջ։
Զորավարժությանը մասնակցելու են ՀԱՊԿ անդամ երկրներ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ԶՈւ ստորաբաժանումները։ Զորավարժությանը ներգրավված են ընդհանուր 3000 զինծառայող և ավելի քան 500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ռազմաօդային։
Ռուսաստանից զորավարժությանը մասնակցելու նպատակով մեկնել է 300 զինծառայող, երկու Սու-24 ՄՌ հետախուզական ինքնաթիռ, «Օրլան ” 10» և «Ֆորպոստ» ԱԹՍ-ներ։
ՀՀ ՊՆ կայքը հայտնում է, որ զորավարժությունը անցկացվելու է հոկտեմբերի 1-5-ը։
Հիշեցնենք, որ անցած տարի «Որոնում-2017» զորավարժության երկրորդ փուլը՝ հոկտեմբերի 6-8-ին, անցկացվեց Հայաստանում։
«Որոնում-2017» զորավարժությանը ներգրավվել էին ավելի քան 5 հազար զինծառայող, 60 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 1500 միավոր սպառազինություն, հատուկ և ռազմական տեխնիկա, այդ թվում «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր: