Հոկտեմբերի 1-ին Վրաստանի ԶՈւ Ալեքսեևկա ավիաբազայում նշել են ռազմական ավիացիայի օրը: Այդ կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներ: Եղել է նաև ՀՕՊ նոր միջոցների ցուցադրություն:Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Իր ելույթում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտնել է, որ իրենք արդիականացնելու են ավիացիան և դրա համար բյուջեից հատկացվել է 23 մլն ԱՄՆ դոլար: Ավիացիայի՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ունակությունները զարգացնելու ու արդիականացնելու համար ֆինանսավորման պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ն:
Միջոցառմանը առաջին անգամ ցուցադրել են նաև MBDA ընկերության արտադրության փոքր հեռահարության դյուրակիր «Միստրալ» ԶՀՀ-ները:
Բացի այդ ցուցադրվել է նաև THALES ընկերության Ground Master 403 ռադիոլոկացիոն կայանը, որը առաջին անգամ ցուցադրվել էր այս տարվա մայիսին Թբիլիսիիում՝ անկախության օրվա առիթով:
Հիշեցնենք, որ դեռ 2017-ի դեկտեմբերին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել էր, որ THALES և MBDA ընկերությունների ՀՕՊ միջոցները արդեն Վրաստանում են, սակայն չէր ասել, թե կոնկրետ ինչ ՀՕՊ միջոցների մասին է խոսքը: Չնայած դրան, այն ժամանակ վրացական մամուլում արդեն իսկ կային տեղեկություններ, որ խոսքը հենց դյուրակիր «Միստրալ» ԶՀՀ-ների և SAMP/T ԶՀՀ-ների մասին է: