Ռուսաստանը արդեն սկսել է Սիրիային Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները, որոնց նպատակը «Սիրիայում Ռուսաստանի կոնտինգենտի անվտանգությունը 100 տոկոսով երաշխավորելն է»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը համալիրների մատակարարումները որակել էր ժամանակին արված քայլ։ Նա նաև նշել էր, որ Ս-300-ները պաշտպանական համակարգեր են, ոչ թե հարձակողական։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, Ռուսաստան պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Պուտինի հրամանով Ռուսաստանը երկու շաբաթվա մեջ Սիրիայի կառավարական բանակին կմատակարարի Ս-300 զենիթահրթիռային համալիր՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության կարողությունները բարձրացնելու համար։ Շոյգուն ընդգծել էր, որ նախկինում Սիրիային այս համակարգերը չէին մատակարարվել իսրայելական կողմի խնդրանքով, սակայն իրավիճակն այսօր փոխվել է և ոչ իրենց մեղքով։
Համալիրների մատակարարումը կապված է ռուսական Իլ-20 ինքնաթիռի խոցման հետ։ Այն խոցվել էր սեպտեմբերի 17-ին՝ սիրիական Ս-200-ով, Ռուսաստանը, սակայն, մեղադրում է Իսրայելին։ Զոհվել էր 15 մարդ։
Իսրայելը, սակայն, պատասխանատվությունը դրել էր Ասադի իշխանության վրա, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել ռուսական կողմին տրամադրել դեպքի հետ կապված ինֆորմացիա:
Սիրիային 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 համակարգեր վաճառելու պայմանագիրը կնքվել էր 2010-ին: Սակայն Իսրայելի խնդրանքով Ռուսաստանը սառեցրել էր գործարքի կատարումը: Արդյունքում Սիրիա էին հասել միայն համակարգի ռադիոտեղորոշման կայանները, իսկ հրթիռների արձակման կայանները մնացել էին Ռուսաստանում:
Նշենք, որ Սիրիային Ս-300 համակարգեր հնարավոր մատակարարման մասին Լավրովը հայտարարել էր նաև այս տարվա ապրիլի 14-ից հետո, երբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ հասցրին Սիրիայի տարածքում՝ այդ երկրի նախագահին մեղադրելով քիմիական զենքի օգտագործման համար: Ավելի ուշ՝ մայիսին, Պուտինի օգնական Վլադիմիր Կոժինը տեղեկացրել էր, որ ռուս-սիրիական բանակցություններ չեն ընթանում համալիրների վաճառքի հարցով:
Հետաքրքիր է, որ մինչ այդ Իսրայելի վարչապետը այցելել էր Ռուսաստան։ Սակայն Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ այցը որևէ կապ չունի Ս-300 չվաճառելու որոշման հետ։