«Ես եմ» ծրագրով նախորդ զորակոչից ծառայում է 114 հոգի․ ՊԲ հրամանատար

Հաջորդ զորակոչից «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով կզորակոչվեն նաև Արցախում։ Նախօրեին Արցախի Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է ոլորտը կարգավորող օրինագիծը։ Այս մասին հայտնում է Artsakhpress գործակալությունը։

«Երկու զորակոչ է, ինչ Պաշտպանության բանակում նորակոչիկները ծառայության են անցնում նաև «Ես եմ» ծրագրով: Առաջին զորակոչից ունենք 139, երկրորդից՝ 114 զինվոր:․․․
Արցախում հավատարմագրված բոլոր բարձրագույն կրթօջախները ևս օգտվում են ծրագրից՝ [«Պատիվ ունեմ»] համապատասխան պայմանագրեր կնքելուց և փաստաթղթային ձևակերպումներ տալուց հետո: «Պատիվ ունեմ» ծրագիրը շտկելու է սպայական կազմի համալրման գործընթացը:․․․
Ի տարբերություն նախկինում գործող օրենքի, լրացված՝ նոր տարբերակում պահեստազորի երկրորդ խմբում հաշվառվում են նաև համապատասխան մասնագիտություն ունեցող իգական սեռի քաղաքացիներ: Դրույթը հիմնականում վերաբերում է բժիշկներին, կապավորներին, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում պլանշետավարներին: Դրա անհրաժեշտությունը մենք ունենք:», –մասնավորապես նշել է գեներալ-լեյտենանտը։

Հիշեցնենք, որ հուլիսին ՊԲ հրամանատարը հայտնել էր, որ հաջորդ զորակոչից «Ես եմ» ծրագրով կզորակոչվեն նաև Արցախից։

«Ես եմ» ծրագրով զորակոչիկը ծառայելու է 3 տարի, որից առաջին 5 ամիսը՝ ուսումնական զորամասում։ Մնացած 2,5 տարվա ամեն ամսվա 2 շաբաթը լինելու է մարտական դիրքերում, 1 շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ էլ՝ արձակման մեջ, իսկ ծառայության ավարտին ստանալու է 5 մլն դրամ՝ նպատակային ծախսերի համար, օրինակ՝ ուսման, հիփոթեքի ևն:

«Ես եմ» ձևաչափը մի կողմից բանակին ապահովում է ավելի մոտիվացված զինծառայողներով, իսկ մյուս կողմից զորացրումից հետո զինծառայողը «ոտքի կանգնելու» 5 մլն դրամ է ստանում ։

«Պատիվ ունեմ» ծրագիրը բուհերի շրջանավարտներին առաջարկում է երեքամյա սպայական ծառայություն՝ համապատասխան աշխատավարձով: Ծրագրի մասնակիցը բուհում ուսմանը զուգահեռ կրթություն է ստանում ՌՈւՀ-ում։

Սա նպատակ ունի ՀՀ ԶՈւ-ին «Պատիվ ունեմ» ծրագրի հաշվին համալրել անհրաժեշտ թվաքանակով կրտսեր սպայակազմով, կողմնակի արդյունք կարող է լինել բուհերում տարկետումների հետ կապված կոռուպցիոն երևույթների վերացումը։

One response to “«Ես եմ» ծրագրով նախորդ զորակոչից ծառայում է 114 հոգի․ ՊԲ հրամանատար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *